«Անտուն կենդանիների կացարան ստեղծելու գաղափարն առաջացել է 2002 թ., կացարանների շինարարությունը տևել է շատ երկար` շուրջ մեկ տարի, քանի որ չկային ո՛չ հովանավորներ, ո՛չ գումարներ: Երբևէ ոչ մի մրցույթ չենք շահել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Փրկե՛նք կենդանիներին» բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահ Նունե Մեհրաբյանը, որի ստեղծած կացարանն այսօր միակն է մեր հանրապետությունում: Նրա խոսքով` իրենց կազմակերպությունը բազմիցս դիմել է Երևանի քաղաքապետարան` խնդրելով դադարեցնել շների սպանդը, սակայն իրենց պատասխանել են, որ բյուջեն թույլ չի տալիս կառուցել ու պահել կացարաններ:
«Երբ կացարանի կեսը տեսան, հասկացան, որ լուրջ ենք տրամադրված: Երվանդ Զախարյանի օրվանից մինչ օրս պայքարում ենք: Քաղաքապետերը փոխվում են, բայց չի փոխվում մոտեցումը: Գոնե նախորդ քաղաքապետերի հետ մենք հանդիպումներ ենք ունեցել, խոսել ենք: Պարոն Կարապետյանի հետ անհնար է: Ոչ Երվանդ Զախարյանի, ոչ Գագիկ Բեգլարյանի օրոք չի եղել շների այսպիսի մասսայական սպանդ»,- նշեց նա` ընդգծելով, որ վերջինս չի գիտակցում հարցի լրջությունը: Նրա խոսքով` կազմակերպությունն ունի շների զանգվածային սպանդի շատ ապացույցներ, որոնք մտադիր է ուղարկել եվրոպական կառույցներ: «Թող իրենք որոշեն` մարդկայի՞ն է արդյոք նման կերպ կենդանիներին ոչնչացնելը»,-հռետորական հարց բարձրացրեց Ն. Մեհրաբյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ ի սկզբանե չի ցանկացել ստեղծել կացարան առողջ կենդանիների համար, սակայն, տեսնելով, թե դրսում ինչպես են սպանվում այն կենդանիները, որոնք ստերիլացվել են իրենց կազմակերպության կողմից, ստիպված եղան այդտեղ ապաստանել նաև առողջ շներին: Նա հայտնեց նաև, որ պետությունը մինչ օրս չի օժանդակել կացարանի ստեղծմանն ու երբևէ դրամական միջոցներ չի տրամադրել: Կացարանի կենդանիները պահվում են միայն բարեգործության շնորհիվ, կամավորների ու կացարանի մի քանի աշխատողների օգնությամբ:
«Փառք Աստծո, կան նորմալ մարդիկ, որոնք հասկանում են, որ սա միակ օթևանն է, որտեղ ապրում են անօթևան կենդանիները: Աջակցում են մեզ»,- տեղեկացրեց նա` ուրախությամբ հայտնելով, որ կամավորների օգնությամբ ու «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով կարողացել են ապաստան ու նոր տերեր գտնել շատ կենդանիների համար: «Հիմա սովորական շանը հնարավոր է տեղավորել ամառանոցներում, տանը, ինչը գրեթե անհնար էր նախկինում: Այս շները շատ ավելի ադեկվատ են, քիչ են կծում ու ավելի բարձր է նրանց դիմադրողականությունը: Նորմալ մարդիկ, որ չունեն կոմպլեքսներ, ընտրում են առողջ շների, որոնք ընդունակ են պահպանել բակը, տունը»,- նշեց Ն.Մեհրաբյանը:
Այսօրվա դրությամբ շների կացարանում ապրում է շուրջ 250-255 շուն: Կացարանի կենդանիների խնամքն ամբողջովին կազմակերպվում է «Փրկե՛նք կենդանիներին» ՀԲԿ-ի կողմից հայթայթած բարեգործական միջոցներով:
Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը պատժվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածով, որով սահմանվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձնանց նկատմամբ տուգանքը սահմանվում է նվազագույն աշխատավարձի 80-100-ապատիկի չափով:










































