Грузия Online-ի փոխանցմամբ՝ «Մի-8» տիպի ռուսական 3 մարտական ուղղաթիռներ խախտել են Վրաստանի օդային սահմանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ը։
Վերջինս նշել է, որ սեպտեմբերի 7-ին, Թբիլիսիի ժամանակով ժամը 13.05-ին, Շատիլի լեռնային գյուղի շրջանում ռուսական ուղղաթիռները խախտել են Վրաստանի օդային սահմանը և մոտ 3 կիլոմետր ներս խորացել։ Ռուսական ուղղաթիռները Վրաստանի օդային տարածքում են գտնվել 15 րոպե։
Վրաստանի ԱԳՆ-ն այս փաստը գնահատում է, որպես Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու պետականության դեմ ուղղված՝ Ռուսաստանի քաղաքականության շարունակություն.
«Այդ գործողությունները ուղղված են եղել վրացական կողմից ադեկվատ պատասխան տալու հրահրմանը։ Սակայն վրացական կողմը հավատարիմ է մնում պատերազմի չվերսկսման սկզբունքին և զսպվածություն է դրսևորել տվյալ պարագայում։ Իրավիճակի սրումը ձեռնտու չէ Վրաստանին»։
Վրաստանի ԱԳՆ-ն նաև միջազգային հանրությանը կոչ է արել համարժեքորեն արձագանքել ռուսական կողմի այդ սադրիչ գործողությանը։









































