Եվրոպական միության երկրներում արտադրված և 2022 թվականին Հայաստան, Ղազախստան ու Ղրղզստան ուղարկված առնվազն 1 մլրդ դոլարի ապրանք «անհետացել» է Ռուսաստանի տարածքով տարանցման ժամանակ։ Այս մասին գրում է բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը՝ վերլուծելով միջազգային առևտրի բաց տվյալները։ Հոդվածագիրները դա «ուրվականների առևտուր» են անվանել։
2022 թվականի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմից հետո արևմտյան երկրները, ի աջակցություն Ուկրաինայի, մեկը մյուսի հետևից հայտարարեցին, որ դադարեցնում են մի շարք ապրանքների արտահանումը Ռուսաստան։ Հոդվածում նշվում է, որ վերջնական հասցեատերերին չհասած ապրանքների արտահանումը Ռուսաստան պատժամիջոցների հետևանքով արգելված է եղել։ Դրանք հիմնականում երկակի օգտագործման են և չէին կարող ուղիղ արտահանվել Ռուսաստան։ Այդ երկիր կարող էին հասնել միայն տարանցիկ ճանապարհով։ Երկակի նշանակության ապրանքները կարող են օգտագործվել ռազմական կամ հետախուզական ծառայություններում, ինչի պատճառով էլ դրանց արտահանումը խիստ վերահսկվում է։
Ռուսաստանին հաջողվել է շրջանցել այդ պատժամիջոցները Հայաստանի, Ղազախստանի ու Ղրղզստանի ընկերությունների միջոցով։ Հոդվածի հեղինակները շեշտում են, որ նշված երեք երկրները Ռուսաստանի ներկայիս տնտեսական գործընկերներից են։
Ընդգծենք, որ Հայաստանում գրանցված «Տակո» ընկերությունը վերջին մեկ տարում երկու անգամ հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պնդում է, որ ընկերությունը, անտեսելով ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի նկատմամբ հայտարարված պատժամիջոցները, շրջանցել է դրանք և ամերիկյան տարբեր տեխնիկական մասեր մատակարարել Ռուսաստան։
Օրերս Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հայտարարել է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթի մասին։ Եվրամիությունը մտադիր է ընդլայնել արգելված ապրանքների ցանկը, որոնք Ռուսաստան են մտնում երրորդ երկրների միջոցով։
Ավելին, հայտարարվել է, որ 35 ընկերություն տարբեր երկրներից կարող է հայտնվել պատժամիջոցների տակ։ Շոշափվում է նաև Հայաստանի անունը, սակայն թե որ ընկերության կամ ընկերությունների մասին է խոսքը, դեռևս չի հայտարարվել։
Հայաստանի մաքսային ծառայության հրապարակած 2022 թվականի առաջին կիսամյակի, ինչպես նաև՝ Միավորված ազգերի կազմակերպության բազայի (UN Comtrade Database) տարեկան տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանից Ռուսաստան են արտահանվել աննախադեպ ծավալի տեխնիկա, սարքավորումներ, սխեմաներ, ավտոմեքենաներ և այլն։
Քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը գտնում է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն այն ձևով, ինչպես որ եղել են նախքան պատերազմը՝ շարունակել այլևս հնարավոր չէ. «Այդ հարաբերությունները ոչ թե գտնվում են ցանկալի է կամ ցանկալի չէ հարթության վրա, այլ՝ հնարավոր է, թե հնարավոր չէ։ Ես պնդում եմ՝ հնարավոր չէ։ Ավելին՝ այդ հարաբերությունների շարունակականությունն իր մեջ ամենօրյա երկրորդային պատժամիջոցների վտանգ է պարունակում։ Սա նաև տնտեսական առումով նպատակահարմար չէ, որովհետև դեգրադացվող ռուսական շուկան չի կարող հայկական տնտեսության համար թիվ մեկ տնտեսական առաջնահերթություն լինել՝ ասենք արտահանման, տեխնոլոգիական զարգացման համար։ Հետևապես Հայաստանը պետք է հետևություններ անի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Մեհրաբյանի՝ Հայաստանն ինքը պետք է նախաձեռնի բանակցային գործընթաց 2013 թվականի Երևանի կողմից ռուսական ճնշման ներքո մերժված Ասոցացման համաձայնագրին արագացված ընթացակարևգով վերադառնալու ուղղությամբ.«Կրկնում եմ՝ այդ ամենը պետք է նախաձեռնի հենց Երևանը, որովհետև եթե մենք տեղներիցս չենք շարժվում, Բրյուսելը չի գալու մեր շահերը մեր փոխարեն հետապնդելու։ Բայց Բրյուսելը կարող է ընդառաջել մեր պահանջմունքներին, որոնք բխում են մեր շահերից։ Ի վերջո՝ եթե մենք ֆիքսել ենք, որ Եվրամիության հետ ունենք նպատակների, շահերի ու արժեքների ընդհանրություն, Հայաստանի պետական գործողությունները այո՛, պետք է հիմնվեն հենց այդ ընդհանրության ընկալումների վրա»։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այդ ընդհանրություններում թե՛ շահերից թե՛ նպատակներից և թե՛ արժեքներից ոչ մեկը Ռուսաստանի մասին չէ և չի կարող լինել.«Ահա այստեղ է, որ Հայաստանն անելիք ունի»,-նկատեց նա։
Մեհրաբյանը նշեց՝ այն օգուտները, որ ստացել են Ռուսաստանին պատժամիջոցների շրջանցման հարցում օգնող պետությունները ունեն ժամանակավոր բնույթ.«Ռուսաստանի համար օդանցքը փակ է և մենք մեր հետագա քայլերի ռազմավարությունը պետք է կառուցենք ըստ այդմ, մեզ չմխիթարենք ինչ- ինչ իլյուզիյաներով, թե հավերժ կարող ենք դրանով զբաղվել։ Ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները մտադիր է մեզ հենց հիմա պատժել, բայց այսօր Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն այլևս լեգիտիմ չեն միջազգային հանրության տեսակետից և այո՛, պետք է բերվեն համապատասխանության։ Հայաստանի համար Ռուսաստանը չի կարող կոչվել դաշնակից, տնտեսական գործընկեր»։
Արդյոք Հայաստանը պետական մակարդակով է նման քայլի գնում,թե՞ սա առանձին պաշտոնյաների ձեռքի գործն է, քաղաքագետն արձագանքեց.«Եթե խոսքը մասնավոր ընկերություններին է վերաբերում, ուրեմն՝ մասնավոր քայլեր են։ Պետության մասնակցության մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, եթե խոսք է գնում ինչ-որ պետական կառույցի մասին։ Բայց նաև մենք տեսնում ենք, որ պետությունն առանձնապես չի խոչընդոտել մասնավորին անել այն, ինչ արել են և ինչի վրա բռնվել են։ Եվրամիության ու Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ՝ պետության այդ մոտեցումներն ուղղակի չեն կարող փոփոխության չենթարկվել։ Եթե չփոփոխվեն, ապա կպատժվեն ոչ թե միայն ընկերությունները, այլ նաև պետությունը, իսկ դա ուղղակի անթույլատրելի է։ Որպեսզի այդ անցումային փոփոխությունը մեզ համար շոկային չլինի, պետությունն այստեղ անելիքներ ունի։ Մենք պետք է ավելի հեռանկարային շուկաների հետ հարաբերություններ հաստատենք, բարձրացնեք այն հարաբերությունները, որոնք ունենք, բայց որոնք այլևս բավարար չեն։ Դա Եվրամիության, Միացյալ Նահանգների շուկան է, որի ուղղությամբ պետք է աշխատենք»։
Միևնույն ժամանակ Ռուբեն Մեհրաբյանն ասաց՝ ցավոք պետական ապարատում շատ են մարդիկ՝ այդ թվում նաև բավականին բարձր պաշտոններ զբաղեցնող, որոնք այլ ուղու վրա են.«Այնպիսի տպավորություն է, որ պորտները կտրել, գցել են Ռուսաստան և ամեն անգամ գնում են այդ կտրած պորտի հետևից։ Դա անթույլատրելի է։ Նման մտածողության մարդիկ կամ իրենց մտածողության հետ կապված պետք է հետևություններ անեն և դա պետք է լինի շոշափելի, տեսանելի ու համոզիչ, կա՛մ էլ նրանք պետական ապարատում անելիք չունեն, որովհետև նրանք այդպիսի մտածելակերպով ոչ միայն այլևս օգուտ չեն կարող տալ, այլ նրանց ամենօրյա գտնվելն իրենց պաշտոններում այդ մտածողությամբ՝ վնասում է մեր պետությանը»,-եզրափակեց նա։









































