Մենք ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում և խրախուսում շարունակական երկխոսությունը, մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջեյք Սալիվանը: Մայիսի 4-ին Վաշինգտոնում ավարտվում է Միրզոյանի և Բայրամովի գլխավորած պատվիրակությունների քառօրյա բանակցային «մարաթոնը», որի սեղանին, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, եղել է այն փաստաթուղթը, որ Հայաստանն ու Ադրբեջանը հեռակա՝ միմյանց փոխանցելով քննարկել են մի քանի ամիս, չորս փուլով: Ինչի՞ շուրջ է առաջընթացը, որի մասին խոսում է Սալիվանը: Նախագահ Բայդենի խորհրդականը առաջընթաց է համարում ինքնին քառօրյա շարունակությամբ հանդիպու՞մը, որպես աննախադեպ ձևաչափ, թե՞ դրա ընթացքում արձանագրվել է որոշակի առարկայական առաջընթաց, ինչը կարող է նշանակել նոր հանգրվան հայ-ադրբեջանական գործընթացում:
Սալիվանի հանգամանքը ուշագրավ է այն տեսանկյունից, որ դա թերևս նախագահ Բայդենի ռեվիզիան է պետքարտուղարության կամ պետքարտուղար Բլինքենի ու նրա թիմի հովանու ներքո ծավալված աշխատանքի նկատմամբ: Անկասկած է, որ Սալիվանի հանդիպումն ըստ էության նախագահական վարչակազմի գծի ապահովում է, ինչը նշանակում է, կամ հաստատում, որ Վաշինգտոնն այդուհանդերձ ներկայանում է առնվազն երկու «գծով» և ամենևին արարողակարգային չէր և այն, որ բացի պետքարտուղարության ամիսների աշխատանքից, նաև աշխատանք էր ծավալվում հենց Սալիվանի ներգրավվածությամբ՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հանրային կապերի պատասխանատուի միջև: Սա բոլորովին չի նշանակում, թե այդ երկու գծերը հակադիր կամ մրցակից են միմյանց, դրանք իհարկե ԱՄՆ ընդհանուր ռազմավարության ներքո են, սակայն արտահայտում են թերևս այդ ռազմավարության ներքո որոշակի տակտիկական բազմազանության, հետևաբար նաև առնվազն որոշակի մրցակցայնության մասին: Այլ կերպ ասած, նախագահ Բայդենը «մնում» է ոչ միայն պետքարտուղարությունից եկող տեղեկատվության «հույսին», այլ նաև իր անմիջական խորհրդականի:
Ի դեպ, այս իմաստով կա բավականին հատկանշական ձևակերպում Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում, որ տարածվել է Սալիվանի մասնակցությամբ եռակողմ հանդիպման վերաբերյալ: «Արարատ Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Արդբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիան չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերին: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները, ամենաբարձր մակարդակով հնչող ատելության խոսքը և ուժի կիրառման բացահայտ սպառնալիքները վկայում են Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի մտադրության և իրական սպառնալիքի մասին», նշվում է հաղորդագրությունում: Սա առնվազն թույլ է տալիս եզրակացնել, որ ըստ ամենայնի հայկական կողմը Բայդենի խորհրդականի հետ եռակողմ հանդիպմանը մատնացույց է արել Ադրբեջանի շարունակվող ապակառուցողականությունն ու միակողմանի թելադրանքի ագրեսիվ քաղաքականությունը, այլապես ինչու՞ պետք է Հայաստանի արտգործնախարարը եռօրյա բանակցության ընթացքում «առաջընթացի» պայմաններում Սալիվանի հետ հանդիպմանը առարկայորեն ներկայացներ Ադրբեջանի ագրեսիվ ապակառուցողականությունը: Բոլոր դեպքերում, հարկ է իհարկե սպասել, թե վաշինգտոնյան բանակցային մարաթոնից հետո ինչ հայտարարություն կարվի քառօրյա հանդիպումների արդյունքի վերաբերյալ, հասկանալու համար, թե ի՞նչ առաջընթաց է գրանցվել Վաշինգտոնում և այն իրապե՞ս հայ-ադրբեջանական իրավաչափ, համաչափ կարգավորմանը նպաստո՞ղ, թե՞ պարզապես «մարաթոնի» կազմակերպչի համար դեմք ապահովող «առաջընթաց» է:









































