Այս տարվա առաջին եռամսյակում 450 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ 2023 թ․ ՀՀ կառավարությունը զբոսաշրջության նկատմամբ իր բյուջետային քաղաքականությունը կտրուկ փոխեց և 200 միլիոն դրամի փոխարեն 1 միլիարդ դրամ հատկացում կատարեց։ Նախարարի խոսքով՝ այդ գումարը ծախսվում է պատշաճ կերպով և տալիս է արդյունքներ։
«Մեր գնահատմամբ՝ այս տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կանցնի 2 միլիոնից, գուցե նաև հասնենք կառավարության 2026թ․ թիրախին՝ 2,5 միլիոնի։ Խոշոր ներդրումներ են իրականացվում ենթակառուցվածքների մեջ։ Նոր ծրագիր է նախապատրաստվում՝ ուղղված 20 զբոսաշրջային կլաստերների զարգացմանը։ Մեր զբոսաշրջային առաջարկը էկոնոմ կլասից պետք է բարձրացնենք գոնե միջինի»,- նշել է Քերոբյանը։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ շուրջ 1,9 մլն զբոսաշրջիկ Հայաստանն ունեցել է 2019 թվականին. «Անցած տարի և այս տարվա սկզբին ես ասել եմ որպես կանխատեսում, որ եթե չլինի մի նոր արհավիրք, լրիվ իրատեսական է, որ այս տարի հասնենք և անցնենք 2019-ի ցուցանիշին: Նաև այս տարվա առաջին եռամսյակի տվյալներն են թույլ տալիս ենթադրելու, որ նորմալ պայմաններում այդ ցուցանիշին հասնելն ու անցնելը լիովին իրատեսական է: Ոչ թե պետք է նստենք, սպասենք, որ այդպես լինի, այլ աշխատենք: Դրան պետք է հասնենք և ինստիտուցիոնալ բարեփոխումներով, և ակտիվ նպատակային մարկետինգային քաղաքականությամբ, և մեր զբոսաշրջային արդյունքի դիվերսֆիկացմամբ, և ծառայությունների որակի բարելավմամբ, և դիվանագիտական բոլոր ուղիներն աշխատեցնելով, պետականի ու մասնավորի բոլոր ջանքերը ներդնելով: Մեր նպատակային շուկա հանդիսացող շատ երկրներում դեռևս այնպիսի տպավորություն է, որ այստեղ անվտանգ չի, իրենց քարտեզներում մեր երկիրը կարմիրով է նշված, իրենց իրավասու մարմինների կայքերում այդպես է, խորհուրդ չեն տալիս այցելել Հայաստան կամ Հայաստանի առանձին մարզեր՝ Սյունիք, Տավուշ, Սյունիք և այլն: Այս ուղղությամբ մենք պետք է աշխատենք: Իհարկե, նախ պետք է ապահովենք անվտանգությունը և աշխատենք, որ տեղեկատվությունը մեր մասին լինի իրական»,-ասաց Ապրեսյանը՝ հավելելով, որ խիստ կարևոր են ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումները:
Ապրեսյանը կոչ արեց տուրիզմը չդիտարկել միայն տնտեսական նշանակության իմաստով, որովհետև այն ոչ պակաս սոցիալական, մշակութային, քաղաքական նշանակություն ունի. «Մեր ժառանգության, մեր պատմության, արցախյան ազատամարտի, կրոնի մասին աշխարհին ներկայացնելուն մենք ինքներս պետք է մասնակից լինենք: Դա պետք է լինի կառավարելի, որ անպայման մեր երկիրը պատշաճ ու ճիշտ ներկայացվի համաշխարհային հանրությանը: Սա նաև իմիջային խնդիր է: Մեր օրենսդրական բարեփոխումները նաև սրան պետք էթ նպատակաուղղված լինեն: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ կազմակերպված զբոսաշրջությունը հզորանա, որովհետև դա կայուն և պատասխանատու զբոսաշրջություն է»:
Ապրեսյանը նկատեց, որ նաև անհրաժեշտ հարկային բարեփոխումներ պետք է արվեն. «Մենք չենք ուզում հարկային արտոնություն, մենք ուզում ենք արդար հարկային միջավայր, որպեսզի խթանվի կազմակերպված, պատասխանատու զբոսաշրջությունը՝ մեր մասնակցությամբ»:
Անդրադառնալով Քերոբյանի հայտարարությանը, թե պետք է մեր զբոսաշրջային առաջարկը էկոնոմ կլասից բարձրացնենք գոնե միջինի, Մեխակ Ապրեսյանն ասաց. «Ընդհանրապես, 2026-ի համար մեր թիրախը շատ ցածր է դրված՝ 2,5 մլն զբոսաշրջիկ: Դրան կարելի է անգամ ոչինչ չանելով էլ հասնել: Հաշվի են առնվել այն հանգամանքները, որ կարող են անբարենպաստ պայմաններ լինել: Բայց նորմալ պայմաններում 2026 թվականի համար 2,5 մլն-ը շատ ցածր ցուցանիշ է: Սա չի նշանակում, որ մենք պետք է ձգտենք անսահմանաության, մեր երկիրը մասայական տուրիզմի երկիր չէ և չպետք է լինի: Բայց, օրինակ, 5 մլն-ի կարգի զբոսաշրջիկ ունենալը շատ իրատեսական է և մեզ համար անհրաժեշտ: Մենք պետք է հաշվարկենք ու տեսնենք, թե որ թիվն է, որ մեզ համար կապահովի կայուն, պատասխանատու զբոսաշրջություն: Այնպիսի զբոսաշրջություն, որ կնպաստի մեր տնտեսական, մշակութային, սոցիալական, քաղաքական նպատակներին: Այնպես որ որևէ դժվարություն չկա 2,5 մլն ցուցանիշին հասնելու համար: Եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարի մենք հանգիստ կարող ենք հասնել այդ թվին, եթե աշխատենք և եթե չլինեն խանգարող հանգամանքներ:
Մենք պետք է մեր դիրքը ունենանք համաշխարհային շուկայում որպես բարձրարժեք ծառայությունների երկիր, որպես երանելի զբոսաշրջային երկիր: Ասածս չի նշանակում, որ մենք պետք է թանկացնենք ամեն ինչ: Մենք պետք է ունենանք մրցունակ գներ՝ գին-որակ հարաբերակցության մեջ: Պետք է չունենանք էժան ու մասսայական տուրիզմ: Սա նաև չի նշանակում, որ չպետք է ունենանք էկոնոմ կլասի տուրիզմ: Դա էլ պետք է լինի, բայց նաև բարձրարժեք լավ ծառայություններ պետք է լինեն: Հարցն այն է, որ մենք չպետք է ձգտենք անորակ քանակի: Մենք դրա ռեսուրսն էլ չունենք, ցանկալի էլ չի, որ այդպես լինի: Մասսայական տուրիզմը կայուն չէ, այն օգուտներ չի բերում, կարող է նույնիսկ վնասներ բերել: Մենք պետք է ունենանք որակ, բազմազանություն և մրցունակություն, և գներն էլ լինեն համապատասխան»,-ընդգծեց Ապրեսյանը:










































