Մոսկվան դեռ չի որոշել՝ պաշտպանելո՞ւ է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, եթե այդ երկրում նորից վերսկսվեն հակակառավարական ելույթները` չնայած այն փաստին, որ Բելառուսի նախագահն անցած շաբաթ արդեն հասցրել է հայտարարել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այսուհետ ունենալու է անդամ երկրներում հակակառավարական ելույթները ճնշելու հնարավորություն: Այս մասին գրում է ռուսական Известия օրաթերթը:
Կրեմլում բացատրել են, որ թեպետ բելառուսցի իրենց գործընկերը համարվում է Ռուսաստանի դաշնակիցը, սակայն ՀԱՊԿ-ի կողմից օգնություն ցուցաբերելու հանարվորությունը Լուկաշենկոն օգտագործել է սեփական նպատակների համար և գռեհկացրել է այդ գաղափարը:
Անդամ երկրներում ժողովրդական հուզումները ժամանակ խաղաղապահ ուժեր մտցնելու գաղափարն առաջ էր քաշել Ռուսաստանը, սակայն դրա մասին բարձրաձայնել էր Լուկաշենկոն` ասելով, որ «ՀԱՊԿ-ի դեմ ոչ մի երկիր չի ցանկանա հարձակվել, սակայն սահմանադրական հեղաշրջման համար շատերի ձեռքերն է քոր գալիս»:
Մինչդեռ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բացատրել է, որ այդ կազմակերպության խաղաղապահ ուժերը կարող են գործարկվել այն դեպքում, երբ տեղի իշխանություններն ի վիճակի չեն լինի վերահսկել իրավիճակը, որը կվտանգի այդ երկրների քաղաքացիների անվտանգությունը, հանգեցնի զանգվածային թալանի և դիակապտության: «Այն, ինչ տեղի է ունեցել 2010 թ. դեկտեմբերին Մինսկում, այդ երկրի ներքին գործն է»,- ասել է Բորդյուժան:










































