«Եվրո-2012»-ի ընտրական փուլի B խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներ Ռուսաստանի և Իռլանդիայի հավաքականները չկարողացան գրավել միմյանց դարպասները և մեկական միավոր վաստակեցին:
Ամբողջ հանդիպումն անցավ տանտերերի բացահայտ առավելությամբ, սակայն Ադվոկատի սաներին ոչ մի կերպ չհաջողվեց բացել հաշիվը: Որոշ դեպքերում ռուս կիսապաշտպաններն ու հարձակվողներն էին նպաստավոր դիրքերից վրիպում, որոշ դեպքերում էլ իռլանդացիների փորձառու դարպասապահ Շեյ Գիվենն էր հրաշալի գործում:
Ինչևէ, այս հանդիպումից պարզ դարձավ, որ Իռլանդիայի հավաքականի նման խաղի դեպքում Հայաստանի ընտրանին Դուբլինում բոլոր հնարավորությունները կունենա Տրապատոնիի սաներին հաղթելու: Կարևորն Սլովակիայի հետ այսօրվա խաղն է:
Այս պահին Ռուսաստանի հավաքականը 17 միավորով շարունակում է գլխավորել B խումբը, իռլանդացիները 15 միավորով երկրորդն են, Հայաստանի հավաքականն այսօր հաղթելու դեպքում 14 միավորով կհավասարվի Սլովակիային և կբարձրանա 3-րդ հորիզոնական:








































