Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի շուրջ ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը ժամանել է Ադրբեջան։ Բաքվի օդանավակայանում նա լրագրողներին հայտնել է, որ իր այս այցն ի ցույց է դնում ԵՄ-ի համար տարածաշրջանի կարևորության աստիճանը.
«ԵՄ-ը դեռ շատ անելիքներ ունի այս տարածաշրջանում։ Հարավային Կովկասը հետաքրքրություն է ներկայացնում ԵՄ-ի համար, ինչի համար էլ իմ նշանակումից հետո ես ցանկացա այցելել այս տարածաշրջանի երկրների մայրաքաղաքներ»։
Բաքվում Լեֆորտը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի, պաշտպանության նախարարի, խորհրդարանի խոսնակի հետ, որից հետո կուղևորվի Թբիլիսի և Երևան։
Լեֆորտն ընդգծել է, որ այդ հանդիպումներում արծարծելու է նաև ղարաբաղյան հիմնախնդրի հարցը։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի դիվանագետ Ֆիլիպ Լեֆորտը Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի շուրջ ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել այս տարվա օգոստոսի 26-ին՝ իր նոր պաշտոնում փոխարինելով Պիեռ Մորելիային և Փիթեր Սեմնեբիին, քանի որ 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմից հետո որոշվել է միավորել Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի և Վրաստանի ճգնաժամին առնչվող ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնները։









































