
Արդեն 4 ամիս է Հայաստանի ազգային հավաքականը չունի գլխավոր մարզիչ։ Մինչդեռ արդեն մարտին մեր գլխավոր թիմը սկսելու է պայքարը 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ «Շատերի կարծիքով այս հարցն ուշանում է, բայց դա կապված է բազմաթիվ գործոնների հետ, իսկ ամենակարևորն այն է, որ պետք է հասկանանք թեկնածուների մոտիվացիան: Նախընտրում ենք ընտրությունը կատարել մի փոքր ավելի ուշ, բայց վստահ լինենք, որ այն ճիշտ կլինի: Մենք ուզում ենք համոզված լինել, որ Հայաստանի հավաքականի նոր ընտրվող մարզիչը գիտակցում է թե՛ այս պահի կարևորությունը, թե՛ ընդհանուր առմամբ պատկերացնում է հայկական ֆուտբոլի զարգացումը»,– դեկտեմբերի վերջին ասել էր ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Վերջինիս ինչ խոսք հասկանալ կարելի է։ Կան մի շարք գործոններ որոնք ձգձգում են գործընթացը։Կարևոր գործոններից կարելի համարել ֆինանսական, ինչպես նաև ազգային թիմը ներկայիս վիճակը, վերջին շրջանում գրանցած խայտառակ արդյունքները։
ՀՖՖ-ն այսօր հնարավորություն չունի այսպես ասած 3 միլիոնանոց բարձրակարգ մարզիչ նշանակելու։ Միջին կարգի մասնագետներն էլ ծանոթանալով Հայաստանի հավաքականի արդյունքներին ուղղակի չեն ցանկանում պատասխանատվություն վերցնել քաջ գիտակցելով որ ձախողվելու հավանականութունը մեծ է։ Նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի գլխավորությամբ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ընդհանուր առմամբ 7 խոշոր հաշվով պարտությունը կրեց։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա մարտի 29-ին մեր ազգային թիմը Օսլոյում կրել էր պատմության ընթացքում ամենախայտառակ պարտությունը՝ 0։9 հաշվով զիջելով Նորվեգիային։ Մինչ այդ հակառեկորդը պատկանում էր Աբրահամ Խաշմանյանին, ում օրոք մեր հավաքականը 2019 թվականի նոյեմբերին Եվրոպայի առաջնության ընտրական փուլում 9։1 հաշվով զիջել էր աշխարհի քառակի չեմպիոն Իտալիային։ Կապառոսից ընդամենը 2 տարի և 4 ամիս պահանջվեց Խաշմանյանի հակառեկորդը գերազանցելու համար։ Նշենք, որ մինչև Իտալիայի հետ հանդիպումը մեր հավաքականի հակառեկորդը չէր գերազանցվել 22 տարի։ Հեռավոր 1997 թվականին Հայաստանի հավաքականը Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ ընկերական հանդիպումներում միևնույն 0։7հաշվով զիջել էր Չիլիին և Վրաստանին։ Կապառոսի ցուցանիշը իսկապես պատմական խայտառակություն էր։ Իսպանացի մասնագետի հակառեկորդը կարող է տասնամյակներ շարունակ մնալ պատմության էջերում։ Հիշեցնենք, որ Կապառոսի գլխավորությամբ մեր հավաքականն առաջին խոշոր հաշվով պարտությունը կրել էր 2021 թվականի սեպտեմբերին 0։6 հաշվով զիջելով Գերմանիային։Աշխարհի քառակի չեմպիոնից նման հաշվով պարտվելը ոմանք որակեցին նորմալ և օրինաչափ։ Որպես օրինակ բերվում էր այն, որ նույն Գերմանիայի հավաքականը աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում հաղթել էր 7։1 հաշվով։
Երկրորդ ջախջախիչ պարտությունը մեր հավաքականը կրեց արդեն 2021 թվականի նոյեմբերին Երևանում 0։5 հաշվով զիջելով Հյուսիսային Մակեդոնիային։ Տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր քան տոտալ ձախողում։ Խայտառակ պարտությանը հաջորդած մամուլի ասուլիսում Կապառոսը ներողություն էր խնդրել երկրպագուներից։ Իսպանացի մասնագետը ներողություն խնդրեց նաև Նորվեգիայի հետ խաղից հետո․ բայց․․․․։ ՀՖՖ-ն չխզեց պայամնագիրը Կապառոսի հետ հնարավորություն տալով շտկելու իրավիճակը։ Ազգերի լիգայի վերջին խաղարկությունում Հայաստանի ազգային թիմն անցկացրեց 6 հանդիպում, որոնցից 3-ում պարտվեց խոշոր հաշվով։ Մերոնք Երևանում 1։4 հաշվով զիջեցին Շոտլանդիային, 0։5 հաշվով Ուկրաինային։ Վերջինիս Կապառոսը թիմը հյուրընկալվելիս պարտվել էր 0։3 հաշվով։ Կարծում ենք մեկնաբանություններն ավելորդ են։ Տարբեր աղբյուրներից «Առաջին լրատվական»-ին հայտնի էր դարձել, որ Կապառոսը ՀՖՖ-ից ստանում էր տարեկան մոտ 600 հազար եվրո աշխատավարձ։ Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը մեր հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2020 թվականի մարտին։ Ստացվում է Կապառոսը ՀՖՖ-ից ընդհանուր առմամբ ստացել է մոտ 2 միլիոն աշխատավարձ։ Նույն աղբյուների համաձայն Հայաստանի հավաքականը գլխավորած տեղացի մասնագետները ստանում էին մոտ 10 անգամ ավելի քիչ։Մասնավորապես, Արմեն Գյուլբուդաղյանցը, որի գլխավորությամբ մեր հավաքականը 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հայտ էր ներկայացրել, տարեկան վաստակում էր ընդամենը 60 հազար եվրո։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերին Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ անհաջող ելույթներից հետո մրցաշարի ավարտից 2 տուր առաջ Գյուլբուդաղյանցը հրաժարական տվեց։ Հրաժարական տվեց, քանզի ենթախմբի արգելքը հաղթահարելու հնարավորություն այլևս չկար։ Գյուլբուդաղյանցին փոխարինեց Աբրահամ Խաշմանյանը, որի գլխավորությամբ մեր հավաքականը անցկացրեց երկու հանդիպում։ Իտալիայից կրած պարտությունից հետո ՀՖՖ-ն Խաշմանյանին ազատեց աշխատանքից։Թե որքան բյուջե է նախատեսել ՀՖՖ-ն մեր հավաքականի հաջորդ մարզչի համար հայտնի չէ։ Ինչ խոսք ՀՖՖ-ի հավաքականի արտասահմանցի մարզիչներին բարձր աշխատավարձ տալու մարտավարությունը արդարացված կլիներ եթե ունենային արդյունք։ Կապառոսի օրինակը սակայն պետք է որակել որպես գումար վատնելու և խայտառակվելու վառ օրինակ։ Հուսով ենք, որ տեղի ունեցածից հետո ՀՖՖ-ն համապատասխան հետևություններ արել է։