Կանադայում մոլեգնող հարյուրավոր անտառային հրդեհների ծուխը հասել է ԱՄՆ-ի Միջին Արևմուտք և Հյուսիս-արևելք։
«IQAir» ընկերության տվյալներով՝ Դեթրոյթում գրանցվել է աշխարհի քաղաքների շրջանում ամենավատ օդի որակը․ աղտոտվածության ցուցանիշը հասել է 600-ի, ինչը շուրջ երկու անգամ գերազանցում է ԱՄՆ Շրջակա միջավայրի պահպանության գործակալության կողմից «վտանգավոր» համարվող մակարդակը։
Վտանգավոր կամ առողջության համար վնասակար օդի որակ է արձանագրվել Մինեսոտայում, Միչիգանում, Իլինոյսի և Օհայոյի հյուսիսային հատվածներում, ինչպես նաև Կանադայի Օնտարիո նահանգում։ Ազդեցությունը զգացվել է նաև Մինեապոլիսում, Միլուոքիում և Տորոնտոյում։
«Երբ դուրս ես նայում, թվում է, թե քաղաքը մառախուղ է պատել, բայց իրականում դա ծուխ է։ Երբ դուրս ենք գալիս, այն այրում է աչքերը»,– «Reuters»-ին ասել է Չիկագոյի բնակչուհի Ստեֆանի Վիլանովան։
Օդի վտանգավոր որակի պատճառով Մինեսոտայում չեղարկվել են մի շարք բացօթյա միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, տոնավաճառներ և մարզական ծրագրեր, իսկ Մինեապոլիսում ժամանակավորապես փակվել են համայնքային լողավազաններն ու այլ բացօթյա հանգստի գոտիները։







































