ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Իսրայելի կառավարության առանձին անդամների մեղադրել է Իրանի հետ պատերազմը երկարաձգելու նպատակով ամերիկյան հասարակական կարծիքի վրա ազդելու ձգտման մեջ։
Վենսն ասել է, որ իսրայելցի որոշ քաղաքական գործիչների ինքը վստահում է, բայց մյուսները «մանիպուլյացիայի են ենթարկում և փորձում են փոխել ամերիկյան հասարակական կարծիքը, որպեսզի պատերազմը շարունակվի անժամկետ»։
«Ես միանշանակ կարծում եմ, որ մենք տեսել ենք չափազանց լավ ֆինանսավորվող, շատ քիչ տեսանելի արշավ, որի նպատակն էր տապալել բանակցությունները և խափանել գործարքը»,- ընդգծել է փոխնախագահը։ Նրա խոսքով՝ կան «հստակ ապացույցներ» այն մասին, որ իսրայելցի որոշ առաջնորդներ «ատում են» Իրանի հետ նախագահ Դոնալդ Թրամփի գործարքը։
Իսրայելի կառավարությունը դեռևս չի մեկնաբանել Վենսի հայտարարությունները։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, մեկնաբանելով փոխնախագահի հայտարարությունները, ասել է. «Կարծում եմ՝ նախագահը կհամաձայնի, որ, այո՛, օտարերկրյա պետությունները փորձում են վերահամոզել ամերիկյան հասարակական կարծիքը»։
Վենսը, ով ակտիվորեն մասնակցում էր Իրանի հետ բանակցություններին, առաջին անգամ չէ, որ քննադատում է Իսրայելին։ Հունիսին, ի պատասխան իսրայելցի քաղաքական գործիչների կողմից Իրանի հետ զինադադարի քննադատությանը, նա նկատել էր, որ նրանք չպետք է «հարձակվեն միակ հզոր դաշնակցի վրա, որն իրենց մոտ մնացել է աշխարհում»։









































