Հատկանշական է, որ մեր ժամանակների հերոսին մենք կապում ենք ՀՀ անկախության հետ։ Այս մասին «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխության ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Եվ չնայած այս տարի հավաքվել ենք անկախության տոնից ուշ, մենք վստահաբար չենք մոռանում, որ 1991թ․ սեպտեմբերի 21-ից յուրաքանչյուր օր մեր անկախության օրն է։ Պատահական չէ, որ անկախության 31 տարիների ընթացքում ժողովրդավարության վերահաստատման վերջին տարիներին բաժին ընկան մեր երկրի և մեր ժողովրդի առջև ծառացած ամենադժվարին մարտահրավերները։ Մեզ փորձել են շեղել անկախության և ժողովրդավարության ուղուց, փորձում են հիմա և կփորձեն ապագայում, սակայն անկախությունը հայ ժողովրդի կամքն է՝ ապրել իր հայրենիքում, կառուցել իր ապագան, հաստատել ժողովրդավարություն և այս կամքն անժամկետ է և անբեկելի»,- ասաց փոխքաղաքապետը։
Ավինյանն ընդգծեց, որ մենք ընտրել ենք ժողովրդավարությունը որպես անկախության գրավական և չենք սխալվել։
«Սա է ճշմարիտ ճանապարհը, սա է կայուն զարգացման ճանապարհը և սա է այն ճանապարհը, որ չունի փակուղի։ Իսկ կայուն զարգացումն, իր հերթին, շղթան փակելով, բերում է ժողովրդավարության և անկախության ամրապնդման, բայց այս ամենը կլինեին միայն գեղեցիկ գաղափարներ, եթե չլիներ ամենակարևորը՝ ստեղծարար մարդը, ով ապրում և արարում է այս երկրում, ով ապրեցնում է այս երկիրը և իր հաջողությունը կապում է այս երկրի հաջողության հետ»,- ասաց Ավինյանը։
Ելույթից հետո փոխքաղաքապետը մրցանակը հանձնեց հայկական ժայռապատկերներով կաշվե աքսեսուարների արտադրությամբ զբաղվող «Ծիրանէ» ընկերության հիմնադիրներ Անահիտ Հարությունյանին և Էդմոնդ Ստեփանյանին։









































