Business-Грузия-ի փոխանցմամբ՝ նախորդ տարվա համեմատ, այս տարի Թուրքիայի հանգստավայրերում 20-30 տոկոսով նվազել է Վրաստանից ժամանած զբոսաշրջիկների քանակը։ Այս մասին հայտարարել է Travel Tour զբոսաշրջային գործակալության հիմնադիր Սիկո Գեգիաձեն։
Վրացի զբոսաշրջիկների հոսքի կրճատումը պատճառաբանվում է թուրքական հանգստավայրերի թանկացման գործոնով։ Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի դրանց գներն աճել են 10-15 տոկոսով։ Սա պայմանավորված է դրանց նկատմամբ հետաքրքրության աճով (ինչը, իր հերթին, կարող է պայմանավորված լինել արաբական աշխարհի և մասնավորապես եգիպտական զարգացումներով.- 1in.am):
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի սկզբներին ռուսական RBC կայքը գրել էր, որ Թուրքիան ցանկանում է ձերբազատվել «էժանագին հանգստավայրի» պիտակից. «Թուրքիան հոգնել է անսթափ վիճակում գտնվող զբոսաշրջիկներից, որոնք ընթրիքներին մասնակցում են մարզական հագուստով և կիսատաբատներով:
Թուրքիան ցանկանում է ձերբազատվել «էժանագին հանգստավայրի» պիտակից, ուր հանգստանում են նմանատիպ «էժանագին» զբոսաշրջիկներ, որոնք, վճարելով ուղեգրի համար, չեն ցանկանում այլևս ոչ մի ծախս կատարել:
Դրա համար էլ Թուրքիայում սկսել են հրաժարվել զբոսաշրջիկների սպասարկման համար նախատեսված Аll inclusive («Ամեն ինչ ներառված է») համակարգից: Մայիսի 1-ից այդ համակարգն արդեն չեղյալ է հայտարարել թուրքական Rixos ցանցը:
Аll inclusive համակարգն առաջին անգամ ներդրել են Անթալիայի հյուրանոցատերերը` 10 տարի առաջ: Դա միտված էր հնարավորինս շատ զբոսաշրջիկներ ներգրավելուն, ինչը և մեծ հաջողություն ունեցավ: Սակայն դա անկորուստ չեղավ, քանի որ դրանից առաջին հերթին տուժեցին մոտակա սրճարանների ու ռեստորանների տերերը` կորցնելով իրենց հաճախորդներին:
Ապա հյուրանոցատերերն իրենք սկսեցին քննադատության ենթարկել Аll inclusive համակարգը, քանի որ շվեդական սեղանի ծախսերը սկսեցին գերազանցել հյուրերի քանակից ստացվող եկամուտները:
Դրանից բացի, այդ համակարգը հրապուրեց բազմաթիվ «էժանագին» զբոսաշրջիկների, որոնք, վճարելով ուղեգրի համար, այլևս որևէ ծախս կատարելու ցանկություն չունեին: Դրանով Թուրքիային կպցվեց «էժանագին հանգստավայրի» պիտակ»:









































