
«Արարատ-73»-ի լեգենդար պաշտպան Ալեքսանդր Կովալենկոյի թոռը՝ Սամարայի «Կռիլյա Սովետովի» 19-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկո կրտսերը, հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը։ Հիշեցնենք, որ մեր ազգային թիմը սեպտեմբերին 24-ին Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի շրջանակներում Երևանում հյուրընկալելու է Ուկրաինային, իսկ 3 օր անց Դուբլինում խաղալու է Իռլանդիայի հետ։ Նշենք, որ Կովալենկոյի մայրը հայ է, հայրը` կիսով չափ հայ, կիսով չափ ռուս, ուտի այս ֆուտբոլիստը առանց որևէ խնդրի կարող է կրել Հայաստանի հավաքականի մարզաշապիկը։ Եվ ահա, Հայաստանի հավաքականից ստացած հրավերից հետո, Կովալենկոն հրավիրվել է համաշխարհային ֆուտբոլի լուսանցքում հայտնված Ռուսաստանի ազգային թիմ։ Վերջինս սեպտեմբերի 24-ին Բիշքեկում ընկերական հանդիպում է անցկացնելու Ղրղզստանի հետ։
Հանդիպում, որը չի լինելու ՖԻՖԱ-ի հովանու ներքո։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի նկատմամբ ցուցաբերած ռազմական ագրեսիայի հետևանքով Ռուսաստանի բոլոր հավաքականներն ու թիմերը զրկված են ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Հավանականությունը մեծ է, որ առնվազն 5 տարի այս պետության հավաքականներին չենք տեսնի միջազգային պաշտոնական մրցաշարերում։ Ինչև Կովալենկոյի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի ցուցակում հայտնվելը կարելի է համարել ոչ այնքան տրամաբանական։ Նախ, Կովալենկոն ոչ մի հանդիպում չի անցկացրել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում։ Օբյեկտիվորեն, նրա խաղային որակները դեռևս չեն համապատասխանում Ռուսաստանի գլխավոր թիմին։ Կովալենկոյի տրանսֆերային արժեքը ընդամենը կես միլիոն եվրո է։ Մինչ դեռ Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային հանրագումարը 140 միլիոն եվրո է։ Ռուսաստանի ազգային թիմում չկա մեկ միլիոն եվրոյից պակաս տրանսֆերային արժեք ունեցող գեթ մեկ ֆուտբոլիստ։ Իսկ ինչու է Կովալենկոն հրավիրվել Ռուսաստանի ազգային թիմ։ «Առաջին լրատվական»-ի հավաստի տեղեկության համաձայն Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Ալեքասանդր Դյուկովը, որը նաև «Գազպրոմ»-ի գլխավոր տնօրենն է հրահանգել է ճնշել Ռուսաստանում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներին, որոնք նույնիսկ տեսականորեն կարող են հայտնվել Հայաստանի ազգային հավաքականում։
Նման հրահանգ տրվել է այն բանից հետո, երբ Սպերցյանը հայտնվելով Հայաստանի ազգային հավաքականում մեծ վերելք ապրեց և այսօր Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստներից է ու լավագույն ռմբարկուն։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Սամարայի «Կռիլյա Սովետովի» 19-ամյա կիսապաշտպանը ՀՀ հավաքականի կազմում հանդես գալու համար մտածում է Հայաստանի քաղաքացիություն ստանալու մասին։ Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանալը խոսում է այն մասին, որ Կովալենկոն ստացել է հայկական անձնագիր և կարող է խաղալ իր հայրենիքի հավաքականում։ Ռուսաստանի հավաքականից ստացած հրավերը բավականին բարդ իրավիճակ է ստղծել Կովալենկոյի համար։
Ընտրելով Ռուսաստանի ազգային հավաքականը՝ Կովալենկոն քար կգցի իր կարիերայի վրա, ինչպես դա արեց մեկ այլ տաղանդավոր հայ ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը։ Վերջինս այսօր զրկված է եվրոպական թոփ-ակումբ տեղափոխվելու հնարավորությունից։ Նույն ճակատագիրը սպասում է նաև Կովալենկոյին։ Այո, այս երիտասարդի վրա ճնշում է գործադրվում, բայց գալով Հայաստան նա ունի ոսկե հնարավորություն դուրս գալ ճահճից։ Այլապես մեր հայրենակիցը ստիպված է լինելու տարիներ շարունակ խաղալու Ղրղզստանի և նմանատիպ այլ հավաքականների դեմ, ոչ պաշտոնական խաղերում։