
Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Վալերի Ֆալկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կհրաժարվի Բոլոնյան համակարգից և կմշակի բարձրագույն կրթության սեփական «յուրատեսակ» մոդելը: Թե կոնկրետ ինչ տեսք կունենա այդ նոր մոդելը, դեռևս անհայտ է: Արդեն իսկ ՌԴ պետդուման և Դաշնության խորհուրդը նոր օրինագիծ են պատրաստում, որը նախատեսում է վերադարձ բարձրագույն կրթության խորհրդային սխեմային:
Ֆալկովը հայտարարել է, որ Բոլոնյան համակարգը անցած փուլ է, իսկ ռուսական «յուրատեսակ» կրթական համակարգի հիմքում պետք է դրվեն ազգային տնտեսության շահերը։
Նշենք, որ Բոլոնյան գործընթացին մասնակցում է 49 երկիր, այդ թվում՝ Հայաստանը: Բոլոնյան համակարգը ենթադրում է մասնակից երկրների կրթական ծրագրերի համապատասխանություն, ինչը թույլ է տալիս ճանաչել միմյանց դիպլոմները, նաև բարձրացնում է ուսանողների և դասախոսների փոխանակման ակադեմիական և կրթական շարժունակությունը:
Այս առնչությամբ կրթության մասնագետ Սերոբ Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Ռուսաստանի դուրս գալը Բոլոնյան համաձայնագրից առանձնապես մեծ ազդեցություն չի ունենա Հայաստանի կրթական համակարգի վրա. «Իհարկե, այն ուսանողները, որոնք սովորում են Ռուսաստանում, իրենց վրա կարող է զգալ ազդեցություն, բայց նաև այնպես էլ չէ, որ Եվրոպայի բոլոր համալսարանները Բոլոնյանի համակարգում են: Այսօր էլ կան Եվրոպայում համալսարաններ, հատկապես մասնավոր, որոնք այդ համակարգից հրաժարվում են:
Իհարկե, եթե Ռուսաստանի կողմից նման քայլից հետո հայաստանցի ուսանողները ռուսական բուհեր ավարտեն, կարող են իրենք խնդիրներ ունենալ: Նույնիսկ այդ դեպքում փակուղի չէ, որովհետև նույնիսկ եթե երկրները տարբեր համակարգերում են, գոյություն ունի փոխճանաչման համակարգ: Մենք հիմա ունենք Ամերիկայում սովորող ուսանողներ և այնպես չէ, որ ովքեր Բոլոնիայի համակարգից դուրս են, լրիվ խզվում է:
Ուղղակի տարբերություններ են առաջանում և փոխճանաչման խնդիրներ են առաջ գալիս: Բոլոնյանի դեպքում դա մեխանիկական է, եթե Բոլոնյանից դուրս է, ապա պետք է ճանաչման պրոցես անցնի, դա է ընդամենը»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք տարբեր համակարգերի առկայությունը չի խանգարի Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբեր կրթական ծրագրերի իրականացմանը, Սերոբ Խաչատրյանը պատասխանեց. «Շատ չի խանգարի: Որոշ առումով կարող է խնդիր լինել: Ենթադրենք մեր ուսանողը, որը Բոլոնյայով է սովորում, իր դիպլոմը ներկայացնում է այնտեղ, արդեն ավտոմատ ճանաչում տեղի չի ունենում, պետք է լրացուցիչ ճանաչում արվի: Բայց նաև կարող են Հայաստանն ու Ռուսաստանը իրար հետ պայմանագիր կնքել փոխճանաչման հետ կապված: Սա ընդամենը ժամանակի հետ կապված խոչընդոտներ է ստեղծում, բայց այնպես չէ, որ կտրուկ կապը կտրվում է»:
Անդրադառնալով նրան, թե Բոլոնյան համակարգը որքանով կարողացավ ճիշտ ադապտացվել հայաստանյան կրթական համակարգում, կրթության մասնագետն ասաց. «Այս պահի դրությամբ Բոլոնյան համակարգը տվել է դիպլոմների ճանաչում ու շարժունություն, բայց չէի ասի, թե հիմա կրթության որակն ավելի լավ է: Դա, իհարկե, մեր խնդիրն է, Բոլոնիայի խնդիրը չէ: Այնպես չէ, որ Բոլոնիան չի թողնում, որ մենք զարգանանք, պարզապես մենք չենք զարգանում: Պատճառները բազմազան են՝ մասնագետներ, ֆինանսներ, տնտեսություն, որոնք լավ կրթության համար անհրաժեշտ պայմանները չեն ստեղծում:
Եթե չմտնեինք Բոլոնյան համակարգ, ավելի վատ կլիներ շարժունության առումով: Բայց երբ մտնում ես, պետք է որոշակի ծախսեր անես, բայց եթե փող չունես, չես կարողանում անել: Ստացվում է, որ արտաքին ֆասադն ունենում ես, բայց մեջը փուչ է մնում:
Եթե տնտեսությունը լավ զարգանա, արագ կկարգավորվեն նաև կրթական խնդիրները: համալսարանները շատ են կախված տնտեսությունից: Որքան զարգացած է տնտեսությունը, այնքան զարգացած է կրթական համակարգը, մանավանդ բարձրագույն կրթությունը»,-ընդգծեց նա: