«Քաղաքական դաշտում ստատուս-քվոյի փոփոխություն է սպասվում։ Նոր գործընկերությունների ականատեսն ենք լինելու։ Այն ստատուս-քվոն, որը ձեռնտու է ներկայիս իշխանություններին, փոփոխվելու է ի վնաս նրանց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։ Պարզաբանելով իր ասածները՝ նա նշեց, որ եթե 2008 թ. ՀԱԿ-ը դիտարկվում էր որպես այլընտրանք իշխանություններին, այսօր այն այդպիսին չէ, քանզի երկրի համար շատ կարևոր հարցերում իշխանությունը և ՀԱԿ-ը նույնական են, հետևաբար, ըստ Սաֆարյանի, նոր իշխանության ձևավորման գործընթացում իշխանություններին այլընտրանք կարող են դիտարկվել բոլորը, բացի՝ ՀԱԿ-ից։
Խոսելով ՀԱԿ-իշխանություն երկխոսության մասին, Սաֆարյանը նշեց, որ այն ապագա չունի, քանզի վերածվել է համապետական ընթերցանության երեկոյի. «Հարյուր կամ ութսունհինգ էջանոց փաստաթուղթ են գրում, հետո ընթերցում են, հետո միմյանց գովում, թե ինչ լավ փաստաթուղթ են պատրաստել, կամ թե ինչ լավ հնարք են գործադրում։ Այս ամենը վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք քաղաքական ուժերի վարքագծում կատարվող շատ լուրջ մետամորֆոզների հետ»։
Միակ լավ բանը երկխոսության մեջ այն է, որ չկա կոշտ հռետորաբանություն, և քաղաքական մթնոլորտը չի թունավորվում։ Իսկ մտահոգիչն այն է, որ իշխանությունը և ՀԱԿ-ը ուշադրություն չեն դարձնում այն մարտահրավերներին, որ կանգնած են երկրի առջև։
ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանն էլ նկատեց, որ երկխոսությունը կայանում է, և այն դառնում է ընդունելի ու հասկանալի հայաստանյան քաղաքական համակարգի համար։ Անդրադառնալով Սաֆարյանի դիտարկումներին՝ Զաքարյանը նշեց. «Եթե կա փաստաթուղթ, ապա դրան պետք է ծանոթանալ։ Իսկ ծանոթանում են փաստաթղթին ընկերցանության միջոցով։ Ինչ վերաբերում է երկրում առկա խնդիրներին, ապա գոյություն ունի երկխոսության օրակարգ՝ այսօր այս հարցն է օրակարգում, վաղը կլինեն այլ հարցեր, և դա չի նշանակում, որ մարտահրավերները անտեսվում են»։









































