ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, արժևորելով և գնահատելով Անկախության հռչակագիրը, նշեց.
«1990 թվականի հենց այս օրը, երբ ՀՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը ընդունեց հռչակագիր Անկախության մասին, անկախության գործընթացի սկիզբը դրվեց։ Ամենակարևորն այն է, որ նախանշվեցին տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացման Հայաստանի ուղենիշները։ Այն ծրագրային կարևորագույն փաստաթուղթ էր՝ հանրապետության կայացման ճանապարհին, որովհետև նրանով, փաստորեն, Հայաստանի անկախ հանրապետության օրենսդրական հիմքը դրվեց։ Այս փաստաթղթի հիման վրա էլ հետագայում մշակվեցին Հայաստանի օրենսդրությունը և Սահմանադրությունը»։
Է. Մինասյանի խոսքով՝ քաղաքական ասպարեզում հետաքրքիր է հենց հռչակագրի առաջաբանը, որտեղ նշվում է, որ, արտահայտելով մեր ժողովրդի միասնական կամքը և ելնելով Մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքներից, միջազգային իրավունքի հանրահայտ նորմերից, հենվելով 1918 թ. Հայաստանի առաջին հանրապետության ժողովրդավարական ավանդույթների վրա, Հայաստանի Գերագույն խորհուրդը հռչակում է անկախ հանրապետության գործընթացի սկիզբը.
«Այս նախաբանում արդեն նշվում էին այն հիմնական սկզբունքները, որոնց հիման վրա էլ ստեղծվելու էր անկախ հանրապետությունը»։
Խոսելով հռչակագրի 12 դրույթներից և մեկառմեկ արժևորելով դրանք՝ Է. Մինասյանն առանձնացրեց մի կարևոր դրույթ, որ ՀՀ-ն սպառազինությունների իր մասնաբաժինն իրավունք ուներ ստանալու ԽՍՀՄ սպառազինություններից.
«Սա շատ կարևոր հանգամանք էր, քանի որ հետագայում մենք տեսանք, որ եթե Ադրբեջանն իր զինված բանդաների միջոցով բռնագրավեց ռուսական զինատեսակները, մենք խաղաղ պայմաններով դա ստացանք»։
«Սոցիալ-տնտեսական բազմաթիվ դժվարությունների պայմաններով՝ Հայաստանն իր անկախության գործընթացի սկիզբը դրեց, որն էլ հասցրեց վախճանին, այն է՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հայտնի քվեարկությանը, երբ անկախության օգտին քվերակեց բնակչության մոտ 95 տոկոսը»,- ասաց Է. Մինասյանը։
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե հռչակագրում ամրագրված դրույթները 21 տարիների ընթացքում որքանո՞վ անշեղորեն գործեցին, Է. Մինասյանը պատասխանեց.
«Այդ դրույթները, իհարկե, որպես ծրագրային դրույթներ, գործեցին հիմնականում։ Բարեփոխումների ուղղությամբ սխալներ նույնպես թույլ տրվեցին, և հատկապես սեփականաշնորման ոլորտում՝ արդյունաբերական ձեռնարկությունների, հողի սեփականաշնորհման։ Սրանք կարևոր հանգամանքներ են, որոնք, եթե հանրապետությունը ուղենիշ է նշել, պետք է իրականացվեին, բայց թերություններ նախանշվեցին։ Հիմնականում արդյունաբերական ձեռնարկութունների արտադրական միջոցների մի մասը որպես թափոն վաճառվեց հատկապես դրսում՝ Պարսկաստանում, Թուրքիայում և այլն։
Եվ ձեռնարկությունների մի մասը մինչև հիմա էլ չի աշխատում։ Չնչին գներով այդ ձեռնարկությունները անցան մարդկանց ձեռքը, որոնք նաև սեփականաշնորհմանը անմիջական մասնակցություն չէին ունեցել, և նրանք չգործածեցին այդ գործարանները։ Սխալներ թույլ տրվեցին նաև հողի բնագավառում»։









































