ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ԱՄՆ կատարած աշխատանքային այցն առանձնացավ հանդիպումների հագեցած օրակարգով: Նա մասնակցել է Նյու-Յորքում անցկացված ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանի աշխատանքներին: Նստաշրջանի օրակարգում տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածությանը, նրանց դերի բարձրացմանը, իրավունքների պաշտպանությանը, խոցելի խմբերին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցերն էին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացնելով, ԱՄՆ աշխատանքային այցի մանրամասները, նախարար Մկրտչյանն անդրադարձավ Ֆրանսիայի գենդերային հավասարության, բազմազանության և հավասար հնարավորությունների լիազոր նախարար Էլիզաբեթ Մորենոյի հետ հանդիպմանը: Նախարարը նշեց, որ Ֆրանսիան հետաքրքրված է ՏՏ ոլորտում կանանց ներգրավելու Հայաստանի փորձով:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իգական սեռի ներգրավվածության առումով Հայաստանը բավական լավ փորձ ունի, ինչը հետաքրքրել է Ֆրանսիային: Դիմել են մեզ օգնելու խնդրանքով, որ նման մոդել մշակելն ու ներդնելն առավել արդյունավետ լինի: Ֆրանսիային հետաքրքրիր է, օրինակ, դպրոցահասակ աղջիկների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության մեծացմանն ուղղված աշխատանքները: Ինչպես գիտեք, մենք դպրոցներում ունենք ինժեներական լաբորատորիաներ: Լավագույն օրինակներից են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները: Բավական հաջողված նախաձեռնություններից է Թումոյի ծրագիրը»,-ասաց նախարարը:
Ֆրանսիայի գործընկերոջ հետ նախարար Մկրտչյանը պայմանավորվածություն է ձեռք բերել ընդլայնել համագործակցության շրջանակը: Դա շուտով հուշագրի տեսք կունենա: Նարեկ Մկրտչյանը Էլիզաբեթ Մորենոյին հրավիրել է Հայաստան: Հրավերն ընդունված է, այժմ հստակեցվում են ժամկետները:
Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ-ում հանդիպում է ունեցել նաև ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի (UN Women) գործադիր տնօրենի տեղակալ Օսա Ռեգների հետ: Անդրադարձ է կատարվել համատեղ ծրագրի իրականացման հարցերին: Քննարկվել է «UN Women»-ի կողմից Հայաստանում գրասենյակ բացելու հնարավորությունը:
Համագործակցության շրջանակն ընդլայնելու հարցեր Նարեկ Մկրտչյանը քննարկել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Անսիեհ Խազալիի հետ: Նախարարը նշեց, որ փոխնախագահի գրասենյակը բավական ակտիվ գործունեություն է ծավալում կանանց, ընտանիքների հզորացման քաղաքականության մշակման ուղղությամբ: Մասնավորապես, տնային տնտեսությունների միջոցով ընտանիքները հզորացնելու ուղղությամբ:
«Շեշտադրվել է ընտանիքն իբրև արժեք հանրային ընկալման կարևորությունը և սրա շուրջ շարունակական աշխատանքներ տանելը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս թեմաների շուրջ համատեղ գիտահետազոտական միջոցառումներ, աշխատաժողովներ կազմակերպել: Պայմանավորվել ենք Իրանի հետ համագործակցության հուշագիր ստորագրել այս ոլորտներում համագործակցությունը խորացնելու նպատակով»,-ասաց նախարարը:









































