Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարել է, որ Ադրբեջանի հինգ կետերում, որոնք այդ երկիրը փոխանցել էր Հայաստանին, մեզ համար մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա։ Միրզոյանը միաժամանակ ավելացրել է, թե այլ հարց է, որ դրանք ամբողջապես չեն ընդգրկում հայ-ադրբեջանական խնդրի օրակարգը և Երևանը մատնանշել է, որ դուրս է մնում իր համար առանցքային հարցը՝ Արցախի հանրության իրավունքների ու կարգավիճակի խնդիրը․ «Մեր պատասխաններում սկզբունքային ենք համարում ԼՂ հայության իրավունքները և ԼՂ կարգավիճակի հարցի հասցեագրումը», հայտարարել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը՝ նշելով, որ պատրաստ են այդ հենքի վրա սկսել բանակցությունը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն առաջարկում է հարաբերությունների կարգավորման հետևյալ սկզբունքները՝
– ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,
– պետությունների` միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում,
– ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից,
– պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,
– տրանսպորտի և կապի բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն:
Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ իր հերթին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված պատասխան նամակում նշել է, որ․«Ադրբեջանը, լինելով խաղաղության կողմնակից, պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ՝ հիմնված Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա»
Ալիևը հույս է հայտնել, որ Վաշինգտոնը կաջակցի Ադրբեջանի խաղաղության օրակարգին։ Խաղաղության համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին ոչ մեկ անգամ է խոսել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն փորձագետների դիտարկմամբ՝ Երևանն ու Բաքուն այս հարցի շուրջ դժվար թե համաձայնության գան, քանի որ կողմերի մոտեցումներն ու առաջնահերթություններն իրարից էականորեն տարբերվում են։
Քաղաքագետ Արմեն Վարդանյանը համոզմունք է հայտնում, որ Հայաստանի իշխանությունները պարզապես բառախաղի մեջ են մտել․«Մի կողմից ասում է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չենք առարկում, ճանաչում ենք, բայց մյուս կողմից էլ՝ խոսում է արցախյան հիմնախնդիրը Հելսինկյան եզրափակիչ ակտի հայտնի դրույթների հիման վրա լուծելու որոշման մասին, այն է՝ ոչ բացահայտորեն, բայց տողատակերով բարձրացնում է ժողովուրդների ինքնորոշման հարցի կարևորությունը մեզ համար։ Ադրբեջանական կողմը շատ լավ հասկանում է, որ սա ընդամենը մի մանյովր է, բառախաղ է և փորձում են հասցնել նրան, որ փաստաթղթերով այդ ամենն ամրագրվի։ Իմ կարծիքով՝ ՀՀ իշխանությունները պարզապես այս փուլում վախենում են ավելի բացահայտ խոսել այդ մասին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Վարդանյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանն ունի իր օրակարգը ու փորձում է անել ամեն ինչ այդ օրակարգն առաջ տանելու համար․«Այն է՝ հասնել նրան, որ Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունը և ղարաբաղյան հիմնախնդիրը թաղվի։ Դրա համար դիմում է տարբեր միջոցների՝ այդ թվում ԱՄՆ նախագահին է դիմում, կարող է դիմել այլ երկրների ևս։ Սա նորություն չէ և իրենք հենց այդ օրակարգն են առաջ տանում։ Մեզ ավելի շատ հետաքրքրում է մեր իշխանությունների առաջարկած օրակարգը։ Իրենք այսօր դիվանագիտորեն մանևրում են, կիսատ-պռատ հայտարարություններ անում, բառախաղերի հետևից են ընկնում և դեռևս չեն կարողանում բացահայտ խոսել, որ մենք, մեծ հաշվով, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ ենք դնում, երբ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարցն ենք բարձրացնում։ Իսկ Ադրբեջանը որևէ կերպ պատրաստ չէ և բազմիցս հայտարարել է, որ որևէ ինքնորոշման տարբերակի չի համաձայնելու, նույնիսկ ինքնավար մարզի կարգավիճակով»։
Մեր զրուցակիցը կարծում է, որ այս փուլում Հայաստանը ժամանակ ձգձգելու քաղաքականություն է վարում․«Այս փուլում Հայաստանն ուժեղ չէ և հռետորաբանությունը թույլ է, ուժեղի դիրքերից չի կի կարողանում հանդես գալ, դրա համար ընդամենը ժամանակ է ձգձգում, բառախաղերի և այլ մանյովրների միջոցով»։
Արմեն Վարդանյանը գտնում է, որ Ադրբեջանը հնարավորության դեպքում նաև ռազմական ճանապարհով կփորձի պարտադրել լուծում, որովհետև շատ լավ հասկանում է, որ այլ ճանապարհով Հայաստանը չի համաձայնի․«Դրան մեծ հաշվով չեն համաձայնի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, Հայաստանում ԱՄՆ դեսպանը, Ֆրանսիայի դեսպանը, Եվրամիության անդամ այլ երկրների դեսպաններ։ Այս մեկուկես տարվա ընթացքում նրանք հայտարարել են, որ իրենց համար ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված չէ, դեռևս Արցախի կարգավիճակի հարցը պետք է լուծվի։ Այսինքն՝ այնպես չէ, որ Ադրբեջանի իշխանությունները միայն Հայաստանի հետ գործ ունեն։ Մեծ հաշվով՝ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների։ Պարզապես այս պահին աշխարհի ուշադրությունը կենտրոնացված է Ուկրաինայի վրա, Արցախի հարցը երկրորդ պլան է մղվել և դեռևս ինտենսիվ ու լուրջ ճնշումներ այս մասով Ադրբեջանի վրա չկան։ Բայց ապագայում ես վստահ եմ, որ մեր ուժեղանալու և նաև ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում այդ ճնշումներն Ադրբեջանի վրա կլինեն»։
Արդյոք ճնշումներ կլինեն նաև Հայաստանի վրա՝ Ադրբեջանի պայմաններով խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, հարցին ի պատասխան, քաղաքագետը պատասխանեց․«Հայաստանն այլևս զիջելու բան չունի, ինչ ուներ՝ զիջել է։Այն ժամանակ մեզ վրա ճնշումներ էին բանեցնում, որպեսզի 7 շրջանները տայինք։ Հիմա այդ 7 շրջաններն էլ, մի բան էլ ավել՝ Ադրբեջանի վերահսկողության տակ են, Հայաստանի վրա, մեծ հաշվով, ճնշման օբյեկտ չի մնացել»,-եզրափակեց նա։









































