Ադրբեջանի հինգ կետերում, որ փոխանցել էր Հայաստանին, մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա միաժամանակ ավելացրել է, թե այլ հարց է, որ դրանք ամբողջապես չեն ընդգրկում հայ-ադրբեջանական խնդրի օրակարգը և Երևանը մատնանշել է, որ դուրս է մնում իր համար առանցքային հարցը՝ Արցախի հանրության իրավունքների ու կարգավիճակի խնդիրը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ:
Նա կարծում է, որ հայ հանրությունը պետք է տեղյակ լինի բանակցությունների բովանդակությունից: Սաֆրաստյանի բնորոշմամբ՝ Անկարան ցանկանում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում․ «Հայ-թուրքական գործընթացը նախկիններից տարբերվում է, որովհետև Էրդողանը դա շատ կարևորում է: Թուրքիան ճնշումներ կգործադրի Հայաստանի վրա՝ փորձելով զիջումներ կորզել»: