Ուկրաինական պատերազմն ու դրա պատճառով կամ առիթով Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառվող պատժամիջոցները լայնորեն փոխել և փոխում են ոչ միայն համաշխարհային քաղաքական և ռազմա-քաղաքական հարաբերությունների տրամաբանությունն ու ստատուս-քվոն, այլ նաև տնտեսական: Համաշխարհային տնտեսությունը այդ ակոսում հայտնվեց կորոնավիրուսի համաճարակի հետևանքով: Թվում է, թե համաճարակի աստիճանական հաղթահարմանը զուգահեռ համաշխարհային տնտեսությունն աստիճանաբար վերգտնելու է իր այսպես ասած բնական ընթացքը և մտնելու է վերականգնման փուլ, որն իհարկե լինելու էր բավականին բարդ ու դժվար, միաժամանակ սակայն՝ հուսադրող: Բայց, քաղաքական իրադարձությունները փաստացի դառնում են համաշխարհային տնտեսության նոր մարտահրավեր և արդեն իսկ տնտեսական հարաբերությունները ստանում են այնպիսի բնույթ, որը անկասկած խորը հետք է թողնելու հետագա աշխարհատնտեսական ստատուս-քվոյի և հարաբերությունների վրա:
Ավելին, իհարկե զգուշանալով դավադրապաշտության գիծն անցնելուց, այդուհանդերձ չբացառենք թերևս, որ քաղաքական իրադարձությունների ծրագրավորումը կամ էսկալացիան ուներ նաև որոշակի պլանավորում հենց տնտեսության խորքային իրողությունների հաշվարկով, այն առումով, որ տնտեսական խորքային վերադասավորումներ ենթադրող ռազմա-քաղաքական պրոցեսների մեկնարկը տրվեց մի փուլում, երբ համաշխարհային տնտեսությունը մեծ հաշվով դեռ ճգնաժամային տրամաբանության մեջ էր: Դա թերևս կբերի նրան, որ ռազմա-քաղաքական իրողություններով պայմանավորված զգացումները չեն լինի գերշոկային:
Բոլոր դեպքերում, անկասկած է, որ տեղի է ունենում տնտեսական մեծ տեղատվություն: Համաշխարհային խոշոր բիզնեսը հետ է քաշվում խոշորագույն շուկաներից մեկից՝ Ռուսաստանից: Պատժամիջոցների հետևանքով, նաև համընդհանուր քաղաքական մթնոլորտի հետևանքով Ռուսաստանը թողնում են խոշոր ընկերություններ՝ տարբեր ոլորտներից, առևտրից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ: Կիրառվող պատժամիջոցները ծանր հարված են Ռուսաստանի տնտեսությանը, բայց որ միայն: Պակաս շոշափելի չեն նաև խնդիրները, որ առաջանում են արևմտյան տնտեսությունների համար, հատկապես եվրոպական տիրույթում: Խնդիրն այստեղ միայն նավթի ու գազի բարձր գնաճը և այդպիսով էներգակիրների գերթանկացումը չէ: Խնդիրը նաև այն է, որ ռուսական ահռելի շուկայից հետ քաշվող խոշորագույն ընկերությունները փաստորեն ստիպված են վերանայել իրենց գործունեության ծավալները, հետևաբար նաև իրենց աշխատակազմերը: Դա իհարկե անհամեմատելի է լինելու Ռուսաստանի հետ, որտեղ կարող են փակվել ընդհուպ հարյուր հազարավոր աշխատատեղեր: Սակայն այն, որ Ռուսաստանում դրանք կլինեն հարյուր հազարավոր, իսկ Եվրոպայում օրինակ հազարավոր, դեռ ամենևին մխիթարություն չէ եվրոպական տնտեսական տարածության համար:
Միևնույն ժամանակ, այդ վերադասավորումը նոր բնույթ է հաղորդելու մրցակցությանը հենց արևմտյան աշխարհում, քանի որ տարբեր երկրներ ներկայացնող խոշոր ընկերությունները կորցնելով ռուսական շուկան, ըստ էության զգալիորեն վերափոխվելու են իրենց մրցակցային կարողությունների հարցում, ինչը կբերի նրանց միջև այսպես ասած մրցակցային հարաբերակցության փոփոխության և ըստ այդմ մոտիվացիոն խթանների վերափոխման:
Միով բանիվ, ակնառու է, որ համաշխարհային տնտեսությունը ուկրաինական պատերազմով մտնում է հետկորոնավիրուսային մի նոր փուլ, որն իր վրա ինքնին կրելով կորոնավիրուսի համաճարակի թողած ազդեցությունը, ստանում է նաև ռազմա-քաղաքական մեծ դիմակայությունից բխող ազդեցության նոր ծավալ: Սա թերևս այլ բան չէ, քան հեղափոխություն, և անգամ ոչ այնքան թավշյա: Այդ հեղափոխությունից անմասն չի լինելու նաև Հայաստանը, թե ռիսկերի, թե իհարկե հնարավորությունների մասով: Այստեղ շատ կարևոր է, թե հայկական տնտեսական քաղաքականության պատասխանատուներն ու նաև տնտեսական դաշտի տարբեր տրամաչափի խաղացողները որքան են կենսունակ լինելու թե զուտ տնտեսական հմտությունների, թե նաև քաղաքական գնահատումների առումով:
Լուսանկարը՝ panorama.am-ի









































