Գաղտնիք չէ, որ երբ թմրամոլները թմրադեղ չեն ունենում, փորձում են դեղատներից անհամեմատ էժան դեղեր գնել և, խառնելով որոշ նյութերի հետ, թմրադեղ ստանալ:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թմրաբան, գլխավոր նարկոդիսպանսերի տնօրեն Պետրոս Սեմիրճյանից հետաքրքրվեցինք, թե ներկա դրությամբ դեղատներում վաճառվո՞ւմ են դեղեր, որոնցից հնարավոր է թմրադեղ ստանալ:
Նրա խոսքերով՝ կոդեին պարունակող ցանկացած դեղից կարող են ստանալ դեզոմորֆին, ինչը և չարաշահում են: Ավելին՝ ունեն հիվանդներ, որոնք այդ դեղերը չարաշահելու արդյունքում են հայտնվել նարկոլոգիական կլինիկայում:
Խոսելով դեզոմորֆինի ազդեցությունից՝ Պետրոս Սեմիրճյանը ասաց. «Թմրամոլությունն ինքնին ծանր հիվանդություն է ցանկացած արտահայտությամբ: Եթե մենք օգտագործում ենք թմրամոլություն բառը՝ նկատի ունեք, որ արդեն կա ծանրագույն խնդիր: Իսկ դեզոմորֆինը օգտագործելու դեպքում շատ ավելի արագ է բերում ֆիզիկական վնասների: Միջազգային կազմակերպությունները միշտ շեշտում են, որ դեղերը, որոնք չարաշահվում են որոշ մարդկանց կողմից և օգտագործվում որպես թմրամիջոց, շատ կարևոր միջոց են բազում մարդկանց համար՝ իրենց ցավերը, տառապանքները մեղմելու, և վերաբերմունքը այդ դեղերի հանդեպ պետք է լինի բացասական:
Մենք ունենք երևույթ, որը ինքը անհանդուրժելի է, և երևույթի մասին պետք է խոսենք: Եթե աշխարհում 16 միլիոն թմրամոլ կա, ապա միաժամանակ կա 1 միլիարդ կամ 1.5 միլիարդ մարդ, որոնց այդ դեղերը անհրաժեշտ են կյանքի որակը բարելավելու համար: Հետևաբար՝ այդ դեղերը հիմնովին դեղատներից հանելը ճիշտ չի լինի: Բայցևայնպես, վերահսկման աշխատանքներ տարվում են: Վերահսկման ուղղությամբ աշխատանքների արդյունքում 4 դեղ մտցվեցին հսկողության տակ: Մյուս դեղերը ևս, երբ տեսնում ենք, որ խնդրահարույց են դառնում, նոր անդրադառնում ենք դրանց»,- ավելացրեց Պետրոս Սեմիրճյանը։









































