«Քաղաքապետարանի աշխատանքն այնքան էլ բարձր չեմ գնահատում, քանի որ կառավարության տան բակում կառուցվող այսպես կոչված գմբեթը հաստատվել է՝ անցնելով քաղաքապետարանով, Հանրապետության հրապարակի մոտ կառուցվելիք հյուրանոցը՝ ևս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանը:
«Մտավախություն ունեմ, որ նման առաջին մեծ, գլոբալ նախագծերն անտարբերությամբ անելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- նշեց նա՝ ավելացնելով, որ, մինչ որոշում ընդունելը, պետք է անցկացվեին հասարակական լսումներ, արվեր մասնագիտական փորձաքննություն:
Ինչ վերաբերում է շենքների ճակատների ներկմանն ու վերանորոգմանը, ապա նա ասաց, որ «գաղափարն ինքնին հրաշալի է, սակայն պետք էր շենքին նայել, գույնին նայել նոր ներկել»:
«Այդպես չի կարելի: Բունիաթյանի հրաշալի սպիտակ շենքերը ներկել են անհասկանալի գույնով: Բժշկական համալսարանն այդ գույնով ներկե՞լ… Պետք է ավելի լուրջ վերաբերվել քաղաքին»,- հավելեց նա:









































