Իտալական Ansa գործակալության հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մտադիր չէ ներողություն խնդրել Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում «Բարսելոնա»-ի հետ պատասխան հանդիպման ժամանակ իր վարքի համար։
Հանդիպումից հետո իսպանացի բարձրաստիճան ֆուտբոլային չինովնիկները կտրուկ քննադատեցին Մոուրինիոյին, սակայն, չնայած այդ ամենին, պորտուգալացին չի պատրաստվում ընդունել իր մեղքը։
Մոուրինիոյի մամլո քարտուղարը հայտարարել է, որ մարզչի պահվածքը հրահրված է եղել կատալոնցիների պահեստայինների բանավոր ագրեսիայով. «Մոուրինիոն հրապարակավ ներողություն չի խնդրի, նա մտադիր է այսուհետ նույնպես պաշտպանել «Ռեալ»-ին»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի ունեցած «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպման (3։2) վերջում ծեծկռտուք ծավալվեց երկու թիմերի, այդ թվում՝ նաև նրանց պահեստայինների միջև։ Այն ժամանակ, երբ մրցավարը փորձում էր հանգստացնել ֆուտբոլիստներին, Մոուրինիոն մոտեցավ «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի օգնական Տիտո Վիլանովային ու քաշեց նրա ականջը, որից հետո էլ Տիտոն հրեց նրան։ Իսկ հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Մոուրինիոն հայտարարեց, որ ինքն ընդհանրապես տեղյակ չէ, թե ով է Տիտո Վիլանովան։
Միջադեպից հետո իսպանական լրատվամիջոցները Մոուրինիոյին հիշեցրին 1996/97 մրցաշրջանը, երբ «Ատլետիկ»- «Բարսելոնա» հանդիպումից առաջ այդ ժամանակ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Պեպ Գվարդիոլան պաշտպանել էր ակումբի գլխավոր մարզիչ, բրիտանացի Բոբի Ռոբսոնի օգնական Մոուրինիոյին:
Վերջինս բանավեճի մեջ էր մտել Բիլբաոյի «Ատլետիկ»-ի այդ ժամանակվա գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Լուիս Ֆերնանդեսի հետ, որը խաղից առաջ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ զայրացրել էր Մոուրինիոյին՝ զգուշացնելով իրեն նորմալ դրսևորել Բիլբաոյի «Սան Մամես» մարզադաշտում, քանի որ նրա պահեստայինների նստարանը շատ մոտ է գտնվում։
Սակայն պորտուգալացին չէր լռել ու շարունակել էր սադրել Ֆերնանդեսին, ինչի համար գործին այդ պահին ստիպված էր եղել միջամտել Գվարդիոլան՝ Ֆերնանդեսին ասելով, որ նրա արածը հարիր չէ իսկական պրոֆեսիոնալին։ Խաղից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Մոուրինիոն հայտարարել էր, թե ինքը խոսում է միայն տղամարդկանց և ոչ թե վատ դաստիարակված երեխաների հետ։
Տեսանյութ.







































