Հայաստանում պետական և հասարակական կառույցների համագործակցությամբ ամեն տարի կանցկացվի «Լավագույն գործատու» մրցանակաբաշխությունը: Հավակնորդներից կընտրվի և կկազմվի 10 լավագույն գործատուների վարկանիշային աղյուսակ։
Նախաձեռնությունը կյանքի կոչելու համար «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Հայաստանի գործատուների հանրապետական միության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, «Մանթաշով գործարարների միության» միջև ստորագրվեց հուշագիր: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը նշեց, որ իրենք ոչ միայն ստուգումներ են անցկացնում, անհրաժեշտության դեպքում՝ տուգանում ընկերություններին, այլև այս քայլով ներդնում են գործատուներին խրախուսելու մեխանիզմ:
«Մեր մոտեցումն է կապը չկտրել հասարակական հատվածի, բիզնես ասոցիացիաների, արհեստակցական միությունների հետ: Ու որպեսզի չստացվի այնպես, որ տեսչական մարմինը գնում է միայն տուգանքների ճանապարհով, եղավ այս նախաձեռնությունը: Շնորհակալ եմ գործընկերներին, որ միացան նախաձեռնությանը: Տեսչական մարմինը, բացի տուգանելուց, նաև խրախուսման մեխանիզմ է ներդնում»,-ասաց Հակոբ Ավագյանը:









































