Հունաստանի առողջապահության նախարարությունը որոշել է խստացնել երկրում հակահամաճարակային պահանջները՝ քաղաքացիների պատվաստման տեմպն արագացնելու համար։ Այս մասին հայտնում է Kathimerini թերթը։
Ինչպես հայտարարել է նախարար Վասիլիս Կիկիլիասը, չպատվաստված քաղաքացիների նկատմամբ սեպտեմբերի 13-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ը կգործեն հանրային առողջապահական միջոցառումներ։ Պատվաստման վկայականի կամ COVID-19-ը հաղթահարած լինելու վերաբերյալ տեղեկանքի բացակայության դեպքում քաղաքացիների մուտքը սրճարաններ, բարեր, ռեստորաններ, ակումբներ, հանրային ու ժամանցի այլ վայրեր կարգելվի։
Չպատվաստված անձինք կարող են ՊՇՌ թեստի բացասական պատասխանով այցելել թատրոններ, թանգարաններ, մարզասրահներ։ Թեստը պետք է արված լինի այցից 48 ժամ առաջ։
Չպատվաստված ուսուցիչներից և զբոսաշրջության, հանրային սննդի ոլորտի, հեռուստատեսության, կինոյի և թատրոնի աշխատողներից շաբաթական 2 թեստ կպահանջվի։
Բոլոր հանրային վայրերում զբոսաշրջիկներն ու երկրի բնակիչները պարտավոր են դիմակներ կրել։
Նշվում է, որ Հունաստանի բնակչության մոտ 53 տոկոսը լիովին պատվաստված է։







































