Կորոնավիրուսի Դելտա շտամն անհնար է դարձնում Քովիդ-19-ի դեմ կոլեկտիվ իմունիտետի ձևավորումը: BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման գործում ԱստրաԶենեկայի հետ համագործակցող Օքսֆորդի խմբի ղեկավար, պրոֆեսոր Էնդրյու Փոլարդը:
Ըստ նրա՝ Դելտա շտամը կշարունակի տարածվել նաև պատվաստվածների շրջանում: Նույնիսկ եթե բոլոր երեխաները պատվաստվեն, Փոլարդի խոսքով, վիրուսի փոխանցումը չի դադարի: Նա նշել է, որ հարկավոր է կենտրոնանալ Քովիդ-19-ի ծանր վիճակում հոսպիտալացված հիվանդների բուժման մեթոդները բարելավելու վրա:
Փոլարդը նաև կասկածի տակ է դրել Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդի ծրագիրը, համաձայն որի՝ նախատեսվում է սեպտեմբերին բնակչության խոցելի խմբերին պատվաստել երրորդ՝ «բուստերային» դեղաչափով: Ջավիդը սպասում է Պատվաստման և իմունիզացիայի հարցերով համատեղ հանձնաժողովի խորհրդին:
Ըստ պրոֆեսոր Փոլարդի՝ վերապատվաստման մասին որոշումը պետք է կայացնեն գիտնականները: Փոլարդը գտնում է, որ երրորդ դեղաչափ պետք է ներարկվի այն ժամանակ, երբ պատվաստվածների շրջանում ավելանան Քովիդով հոսպիտալացման և մահվան դեպքերը, սակայն այս պահին նման վիճակ չէ:
Պրոֆեսորի կարծիքով՝ այս պահին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը հարկավոր է ուղղել այնտեղ, որտեղ դրա կարիքն ավելի շատ կա՝ այլ երկրներ, որտեղ մարդկանց չեն բավականացնում պատվաստանյութերը:







































