Ճգնաժամի երկրորդ ալիքն անխուսափելի է:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում տնտեսագետ, ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը նշեց, որ դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ. «Բոլոր պարագաներում ակնհայտ է, որ անգամ զարգացած երկրներում ճգնաժամի երևույթը, ըստ էության, բացառված չի: Օրինակ իրավիճակը ՝ ԱՄՆ-ում՝ բորսաներում արժեթղթերի գնանկումը և այլն, այս ամենը ցույց է տալիս, որ բոլոր պարագաներում ճգնաժամ պետք է տեղի ունենա ամբողջ աշխարհում, իսկ ՀՀ-ն ազդեցություն չունեցող և փոքր երկիր է, և այստեղ ճգնաճամը չի կարող ազդեցություն չունենալ»:
Հայաստանը, պատգամավորի խոսքով, նյութական կամ ոչ նյութական ռեսուրսների առումով շատ հնարավորություն չունի դիմակայելու ճգնաժամի 2-րդ ալիքին, առավելևս, որ առանց այդ էլ բազմաթիվ խնդիրներ են ծառացած մեր առջև. «Չեմ կարողանում տեսնել հեռանկարը, թե ոնց ենք դուրս գալու դրանից»:
Վ.Բոստանջյանը նշեց, որ հայաստանյան բանկերի կայացվածության մասին արտահայտությունները հարաբերական խոսքեր են. «Ինչի՞ մասին է խոսքը, երբ կայացած լինում են ոչ թե նրանով, որ ռիսկերը նվազեցված են, այլ բանկային համակարգը կայացած է լինում այն պարագայում, երբ կարողանում է արդյունավետորեն նպաստել տնտեսության զարգացմանը»: Վ.Բոստանջյանը նկատեց, որ այդ առումով բանկային համակարգը խոցելի է:
Հարցին, թե ՀՀ տնտեսության ո՞ր ճյուղերն են առավել խոցելի ճգնաժամի հնարավոր երկրորդ ալիքի դեպքում, Վ.Բոստանջյանը պատասխանեց. «Բոլորը: Իբր ճյուղեր ունենք, որ խոցելի լինեն կամ չլինեն»:









































