Այսօր ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսեց նախօրեին Կարապի լճի տարածքում ձերբակալված ՀԱԿ 7 ակտիվիստների գործի մասին: Ա. Սարգսյանն ասաց, թե ինքը ցավ է ապրում, որ այդ միջադեպը տեղափոխվում է քաղաքական դաշտ: Նա նշեց, որ այսօր երիտասարդների մի կատեգորիա կա, որոնք «ոստիկանաորսով» են զբաղված և առանց պատճառի մոտենում ու հայհոյում են ոստիկանին՝ հայտարարելով, թե իրենք են որոշելու՝ ոստիկանը որտեղ ծառայություն կատարի, որտեղ՝ ոչ:
Ալիկ Սարգսյանը մանրամասն պատմեց նախօրեին Կարապի լճի մոտ տեղի ունեցած միջադեպը՝ ասելով, որ ինքը այժմ ներկայացնում է ոչ թե քննչական ծառայության տվյալները, այլ այն, ինչ իրեն պատմել են դեպքին մասնակից ոստիկանները. «Ինչ պատմում եմ՝ իրողություն է, ինձ պիտի հավատաք, այս անգամ ճակատս բաց հայտարարում եմ, որ այն ամենը, ինչ ներկայացնում եմ, ճշտված է»: Ի դեպ, Ալիկ Սարգսյանը հիշեց Չարենցավանի դեպքը, սակայն շեշտեց, որ այս անգամ ինչ ասում է՝ նման հետևանք չի կարող ունենալ, քանզի այն անգամ սխալվել էր, որովհետև հեռախոսով էր տեղեկացել մանրամասներին, իսկ այս անգամ «բոլորին հավաքել է և անձամբ ճշտել մանարամասները»:
Ոստիկանապետի պատմելով՝ օգոստոսի 9-ի երեկոյան Կարապի լճի տարածքում 2 ոստիկան իրականացրել են իրենց ծառայությունը՝ նկատողություն անելով առանց դնչկալի շանը զբոսանքի հանած երիտասարդին, որը, ընդունելով նկատողությունը, ներողություն է խնդրել և հեռացել: Այս ամենը տեսնելով՝ ակտիվիստները, որոնց ոստիկաններին հայհոյելու համար հերոսացնում են ՀԱԿ երիտասարդները, և հատկապես Տիգրան Առաքելյանը մոտենում են ոստիկաններին ու վերջին հայհոյանքներով դիտողություն անում, թե ինչու են այդտեղ ծառայություն իրականացնում: Սարգսյանի խոսքերով՝ ՀԱԿ երիտասարդներին մոտեցել են նրանց ընկերները, և ծառայություն իրականացնող ոստիկանները ստիպված են եղել վերակարգ ուժեր կանչել: Ըստ ոստիկանապետի՝ քաշքշոցը, որին մասնակցել են նաև աղջիկներ, տևել է 20 րոպե, սակայն ակտիվիստները լուրջ վնասվածքներ չեն ստացել:
Ա. Սարգսյանը պատմեց նաև մի միջադեպ, որը տեղի է ունեցել ոստիկանական մեքենայում. երբ ոստիկանները փորձել են բերել ակտիվիստներին, Տիգրան Առաքելյանը մեքենայի մեջ գլխով հարվածել է ոստիկաններից մեկին և կոտրել քիթը:
«Թե բաժնում ինչ են արել՝ վաղը 02-ով կտեսնեք: Մոտ 40 րոպե խանգարել են բաժնի աշխատանքը` աղմուկ աղաղակ, հայհոյանք: Այս ամենը տհաճ է, բայց ստիպված եմ պատմել, անգամ ամաչում եմ ցույց տալ այն կադրերը, որտեղ նրանք հարձակվում են ոստիկանի վրա, իսկ վերջինս ստիպված է ձեռքերը վեր պահած հետ քաշվել, որովհետև գիտի, թե ում հետ գործ ունի»,-ասաց ՀՀ ոստիկանապետը և հավելեց, որ հարուցվել է քրեական գործ 316 և 258 հոդվածի երկրորդ մասով:
Ոստիկանապետը տեղեկացրեց, որ բժշկական ստուգում տեղում չեն կարողացել իրականացնել, որովհետև ակտիվիստները բժիշկների հետ էլ են իրենց վատ պահել։ Ըստ Ա. Սարգսյանի՝ երիտասարդները, լավ իմանալով, որ վալերիանկան տեղում ցույց չի տալիս խմիչք օգտագործելու փաստը, միանգամից վալերիանկա են խնդրել բաժնում: Այդուամենայնիվ, ալկոհոլի անալիզ կատարվել է, և պարզվել է, որ Տիգրան Առաքելյանը խմած է եղել, ինչպես նաև երկու հոգի խմածություն են ունեցել: Նարկոդիսպանսերի անալիզների պատասխանները դեռևս չկան։ Վաղը արդեն լրանում է ժամանակավոր պահման 72 ժամը, և գործը պետք է ներկայացնել դատարան կալանքի սանկցիա և մեղադրանք առաջարկելու համար: Ալիկ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը թույլ չի տա՝ ոստիկանությանը քավության նոխազ դարձնեն ու վարկաբեկեն. «Թողեք էդ մարդիկ աշխատեն, ի՞նչ եք գնում՝ ոստիկանի փեշերից կախվում»:
«Առաջին լրատվականը կապվեց ձերբակալման մեջ գտնվող ՀԱԿ ակտիվիստների պաշտպան Վահե Հովսեփյանին՝ պարզաբանելու ոստիկանապետի այն պնդումը, թե բերման ենթարկված յոթից երեքը եղել են անսթափ վիճակում։ Վահե Հովսեփյանի պնդմամբ՝ ոստիկանությունում փչելով տեստ է անցկացվել և տեստը բացասական արդյունք՝ «000» է ցույց տվել, ինչը նշանակում է, որ երիտասարդներն ալկոհոլի ազդեցության տակ չեն եղել: «Ավելին, եթե նարկոդիսպանսերի անալիզների պատասխանները դեռևս չկան, ինչպես է ասում, թե ալկոհոլի ազդեցության տակ են եղել»,- ավելացրեց Վահե Հովսեփյանը:









































