300 մլն դրամից ավելի սարքավորումներ ներկրելու դեպքում ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարը 3 տարով հետաձգելու արտոնությունից օգտվում են միայն խոշոր ձեռնարկությունները: «Առաջին լրատվականի» հետ զրույցում Փոքր ու միջին ձեռնարկությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Նարինե Մայիլյանը նշեց, որ նման խոշոր ծախս փոքրերն իրենց թույլ տալ չեն կարող, բայց ՓՄՁ-ներն էլ վերազինվելու կարիք ունեն:
«Եթե այդ արժեքի սահմանափակումը հանվի, այսինքն՝ ԱԱՀ վճարման երկարաձգման արտոնություն տրվի ցանկացած նորարարական տեխնոլոգիայի ներկրման դեպքում, նաև փոքրերը կկարողանան վերազինվել»,- ասաց Ն.Մայիլյանը:
ԱԱՀ-ի հետ կապված փոքրերի մեծ մասը խնդիր չունի, քանի որ փոքրերի շրջանառությունը 58 մլն դրամից ցածր է, այդ դեպքում փոքրը հնարավորություն ունի աշխատել առանց ԱԱՀ վճարման: Սակայն, Ն. Մայիլյանի բնորոշմամբ, դա օգնում է այն դեպքում, երբ փոքրերը չեն կարող իրենց ծախսերը հիմնավորել և ԱԱՀ գծով հաշվանցում ունենալ. «Փոքրերի մեծ մասն աշխատում են ԱԱՀ դաշտից դուրս՝ ո՛չ վճարում են, ո՛չ հաշվետվություն ներկայացնում: Բայց դա էլ իր խնդիրն ունի. իրենք բավարար մրցունակ չեն, երբ աշխատում են ԱԱՀ-ով աշխատող խոշորների հետ: Խոշորները, որոնք աշխատում են ԱԱՀ դաշտում, խուսափում են աշխատել ԱԱՀ դաշտից դուրս գտնվող փոքրերի հետ, կամ պահանջում են որոշակի չափով գների իջեցում: Դա խաթարում է համագործակցության հնարավորությունները»,- շեշտեց Ն.Մայիլյանը:
Ն.Մայիլյանի խոսքով, բյուջեի մուտքերի մեծ մասը`ավելի քան 70%, ապահովում են խոշորները, որովհետև իրենց շրջանառությունը մեծ է, իսկ «ՓՄՁ-ները չեն կարողանում կազմակերպել իրենց աշխատանքն այնպես, որ աճեն, ունենան համապատասխան շրջանառություն և վճարեն համապատասխան չափով հարկեր:
82 հզ. ձեռնարկությունների համար բյուջեի մուտքերի ընդամենը 30-40% ապահովելը վատ ցուցանիշ է: Դա վկայում է, որ փոքրերի համար գործունեության պայմաններն այնքան վատ են, որ չեն կարողանում ապահովել գոնե նույնքան մուտք՝ 50%: Ի՞նչն է խանգարում, որպեսզի 82 հզ. փոքր ձեռնարկությունները կարողանան աշխատել նույնչափ արդյունավետ, որչափ աշխատում են 400 խոշորները. դա հարկային դաշտի անկատարությունն է, պետական օժանդակության ոչ արդյունավետ լինելը, փաստաթղթավորման ապահովման խնդիրը, խոշորները մեծամասամբ աշխատում են ստվերում ու փոքրերին փաստաթղթեր չեն տրամադրում, այդ պատճառով էլ փոքրերն են ստվերում աշխատում, որովհետև իրենց ծախսերը հիմնավորել չեն կարողանում»:









































