Այսօր լրագրողները Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանից հետաքրքրվեցին, թե ՀՔԾ-ն ինչո՞ւ է խուսափում փորձաքննության ենթարկել ՊՆ-ի զենքերը։ Ի պատասխան՝ վերջինս արձագանքեց. «Նախ՝ ՀՔԾ-ն որևէ հարցից, որևէ փաստից չի խուսափել, չի խուսափում և չի էլ պատրաստվում խուսափել: Այդ հարցը քննարկվել է, և կոնկրետ չունենք բանակի ստորաբաժանում, որը մասնակցել է զանգվածային անկարգությունները անմիջականորեն կանխելու գործողություններին: Դրանք ամբողջությամբ իրականացրել են ոստիկանության զորքերը, հետևաբար ՊՆ-ի զենքերը փորձաքննության չեն վերցվել:
Նոր ոստիկաններ չեն հարցաքննվել, սակայն հարցաքննվել է մոտ 200 քաղաքացի: Դրան զուգահեռ՝ կատարվում է նաև լրացուցիչ հարցաքննություն, որը վերաբերում է նաև ոստիկանության ծառայողներին:
Լրագրողի այն դիտարկմանը, որ չեն հարցաքննել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին՝ Վահագն Հարությունյանը արձագանքեց. «Հարցաքննված անձանց պատասխանները բավարարել է ստանալ այն պատասխանները, որ անհրաժեշտ է քննության համար»: Հիշեցենք, որ գլխավոր հրաման տվողը այս դեպքում ոստիկանապետն է, իսկ այդ հարցաքննության արդյունքում դեռևս Մարտի 1-ը չի բացահայտվել:
Վահագն Հարությունյանը նաև ասաց, որ Սերժ Սարգսյանին ներկայացվելիք հաշվետվությունն էլ ընթացքի մեջ է:
Այն հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ աշխատանքները տարվում են ապարդյուն, նա պատասխանեց, որ բացահայտման հետքի վրա դեռևս լույս փռող բացահայտումներ չեն արվել, սակայն ասել, որ ամեն ինչ անցել է ապարդյուն՝ ճիշտ չէ: «Արվել է շատ բան, անելիքներ դեռ կան և շարունակվում են: Փաստեր, որ կօգնեն դուրս գալ բացահայտման հետքի վրա, չեն ստացել, բայց դա չի նշանակում, որ չհաջողվեց ոչինչ անել»,- եզրափակեց Վահագն Հարությունյանը:









































