Հայաստանում Հայ Առաքելական կրոնի հետևորդներից բացի՝ այլ կրոնների հետևորդների մասին ստույգ վիճակագրական հետազոտություն չի արվել։ Սակայն ինչպես «Առաջին լրատվականին» հայտնում է Համագործակցություն հանուն ժողովրդավարության հկ-ի ծրագրերի ղեկավար Արթուր Ավթանդիլյանը` Հայաստանում ամենամեծ կրոնական համայնքը, Առաքելական եկեղեցուց հետո, Հայ կաթոլիկ համայնքն է։ Տարբեր ուսումնասիրությունների համաձայն՝ կաթոլիկների թիվը Հայաստանում հասնում է գրեթե 150,000-ի։ Հայ կաթոլիկները կենտրոն ունեն Քանաքեռում և Գյումիրում, որտեղ գործում է նաև կուսանոց։
Բողոքական եկեղեցին Հայաստանում ունի մոտավորապես 100,000-120,000 հետևորդ։ Մեր երկրում, ի դեպ, գործում են բողոքական տարբեր ուղղություններ՝ ինչպես հին, այնպես էլ նոր։ Եհովայի վկաները կազմում են մոտ 30,000-40,000 հոգի, իսկ մորմոնները՝ մոտ 3,000։ Հայաստանում էթնիկ հիմքով այլ կրոնական ուղղությունները ևս ունեն հետևորդներ։ 1000-1500 հոգուց կազմված հրեական համայքնի համար Հայաստանում գործում է մեկ սինագոգ։ Եզդիները ևս քիրստոնեական կրոնի հետևորդ չեն։ Երևանում կա նաև մեկ մզկիթ՝ մահմեդականների համար։ Հայաստանում Մահմեդական կրոն դավանողները հինմանկանում Իրանի քաղաքացիներն են, որոնց թիվը հաստատուն չէ։









































