Շենքերի ճակատների դարավոր փոշին լվացվեց, պատուհանագոգերից սարդոստայնները մաքրվեցին, քաղաքի տեսքը բավականին լավացավ: Մեկնաբանելով Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի՝ շենքերի ճակատները վերականգնելու ու վերանորոգելու որոշումը՝ «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ այդ գործընթացը զերծ չէ նաև բացթողումներից: Ցանկալի կլիներ նույնությամբ պահպանել Թումանյան-Ալավերդյան փողոցների հատման անկյունում Բունիաթյանի կառուցած երկու շենքերի նախնական գույները:
«Ըստ հեղինակի՝ դրանք պետք է ներկված լինեին սպիտակ ու սև գույների, իսկ հիմա ներկվել են կարմրավուն: Պետք է պահպանեին հեղինակի կողմից նախատեսված գույնը»,- ասաց ճարտարապետը՝ նշելով, որ կան մանր բացթողումներ, սակայն հետագայում գունավորումը հնարավոր է փոխել: «Դա իհարկե մասնակի դեպք է, մանր բացթողում»,- ասաց Աշոտ Ալեքսանյանը:









































