Դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը ներկայացրել է իր նոր՝ «Անցած օրեր» ստեղծագործությունը։ Երգն արդեն հասանելի է համացանցում։ Պետրոսյանն այն տեղադրելով ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ երգը բանակում է գրել։
«Այն սիրո խոստովանություն է մեր ծնողներին, ովքեր առաջին արցախյան պատերազմից ի վեր արեցին ամեն ինչ, որպեսզի մենք ունենանք մանկություն, կրթություն, անկախություն, պետականություն… այս պատերազմին էլ ժայռի պես կանգնած էին մեր կողքին: Ինչքա՜ն ցավ կա այսօր նրանց աչքերում։ Սիրելի ծնողներ խոնարհվում եմ ձեր առջև: Սիրո և երախտիքի լավագույն դրսևորումը կլինի ապահով երկիր կառուցելը ո´չ միայն ապագա սերունդների, այլ նաեւ մեր ծնողների համար: Մենք էլ մեր հերթին պետք է ամեն ինչ անենք, որ լինենք արժանի զավակներ»,- գրել է նա։
Նշենք, որ Հայկն էլ էր, որպես կամավոր մասնակցում էր Արցախյան երկրորդ պատերազմին։
Երգիչը հետգրությամբ ներկայացրել է նաեւ պատերազմի օրերի զգացողությունները, երբ անակնկալ կերպով իրեն էր այցելել հայրը՝ դերասան Վարդան Պետրոսյանը։
«Հ.Գ. Պատերազմի օրերին հայրս եկավ Արցախ` Կարմիր Շուկա, եւ մենք միասին թեյ խմեցինք մեր խրամատում: Իմ կյանքի ամենահիշվող ու ոգեշնչող օրերից մեկն է դա:
Հ.Գ.Գ. Երգի մեղեդին լսել եմ իմ լուսահոգի տատիկից: Պատերազմի տարիներին ամեն գիշեր քնելուց առաջ խնդրում էի, որ երգի ինձ համար, նա էլ երբեք չէր մերժում»։








































