Թուրքիայի ամենասարսափահարույց թերթի համբավ ունեցող Taraf-ը հայտնել է, որ իր ունեցած աղբյուրներով՝ Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ անձամբ բանակցում է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը։ Նրանց բանակցությունների մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում։
Մի բան ակնհայտ է, որ նրանք բանակցում են Օջալանի հիմնադրած, Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) գործունեության և ընդհանրապես «Քրդական հարցի» շուրջ։
PKK-ի հարցը բավական այժմեական է Թուրքիայի համար։ Վերջին շրջանում PKK-ն սպանել ու վիրավորել է տասնյակ թուրք զինծառայողների։ Աբդուլլահ Օջալանը ցանկանում է իր բանտային պայմանները փոխարինել տնային կալանքով։
Հիշեցնենք, որ 2010 թվականի մայիսի 27-ին MIT-ի 16-րդ ղեկավար նշանակված Հաքան Ֆիդանը համարվում է Էրդողանի վստահելի մարդկանցից մեկը: MIT-ի փոխտնօրեն աշխատած ժամանակ Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի գծով մասնագետ Ֆիդանը հանդիսացել է արտաքին քաղաքականության գծով Էրդողանի խորհրդականը։









































