ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, Ադրբեջանը և Հայաստանը ղարաբաղյան կարգավորման հարցով հանդիպում անցկացնելու հարցին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը պատասխանել է, որ եռակողմ հայտարարությունը անկյունաքարային էր կրակը դադարեցնելու վերաբերյալ, սակայն բանակցությունները կարող են տեղի ունենալ այն բանից հետո, երբ հակամարտության գոտում իրավիճակը կայունանա:
«Մենք մոտ ժամանակներս ակնկալում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, ինչպես նաև խորհրդակցություններ միջնորդների և ԱԳՆ ղեկավարների միջև: Հետագայում հնարավոր է հող նախապատրաստել նոր բանակցային գործընթացի համար»,- ասել է նա:
Սերգեյ Լավրովն, իր հերթին, նշել է, որ Մոսկվան ողջունում է Բաքվի և Երևանի ցանկացած քայլ՝ ուղղված ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանը, սակայն բարձր մակարդակով շփման ժամկետները իրենք պետք է որոշեն:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փաստեց՝ սա պատերազմից հետո համանախագահների առաջին այցն է լինելու տարածաշրջան, դրանից առաջ տևական ժամանակ համանախագահները չէին այցելում կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված։ «Հույս ունենք, որ համանախագահները նաև Արցախ կայցելեն։ Պատերազմից հետո նոր էջ է բացվել և՛ մեր պատմության մեջ, և՛ հակամարտության կարգավորման շրջանակներում։ Մենք ակնկալում ենք, որ խաղաղությունն ու կայունությունը պահպանվեն»,- ասաց մեր զրուցակիցը։
Բաբայանի դիտարկմամբ՝ բանակցությունները պետք է շարունակվեն, սակայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցն, ըստ նրա՝ մոտ ապագայի խնդիր չէ. «Իմ անձնական համոզմամբ՝ դա երկարատև գործընթաց է։ Տեսանելի ժամանակահատվածում՝ կարճաժամկետ կամ միջնաժամկետ իմաստով, այս հարցը դժվար թե կարգավորվի։ Այսինքն՝ դե ֆակտո մենք մնում ենք ինքնակառավարվող, բայց որպեսզի դա իրավական ձևակերպում ստանա՝ տարիներ են պետք, առավել ևս հիմա»։
Մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ Մինսկի խմբի ֆորմատը կպահպանվի, բայց չբացառեց նաև, որ կարող են այլ ձևաչափեր ի հայտ գալ. «Մինսկի խումբն ավելի միջազգային է, այստեղ և՛ Միացյալ Նահանգներն է, և՛ Ֆրանսիան, և՛ Ռուսաստանի Դաշնությունը։ Այսինքն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամից երեքն այստեղ են, բայց չի բացառվում, որ ձևավորվեն այլ ձևաչափեր։ Օրինակ՝ Ռուսաստան-Թուրքիա-Իրան։ Սա ես չեմ բացառում, բայց նաև կարծում եմ, որ Մինսկի խմբի ձևաչափը կպահպանվի»։
Դավիթ Բաբայանը չի կիսում նաև այն դիտարկումները, թե Ռուսաստանի ջանքերով նոյեմբերի 9-ի ձեռքբերված համաձայնությամբ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն իրենց տեղը զիջել են Ռուսաստանին. «Չեմ կարծում, որ նրանք ստվերում են հայտնվել, որովհետև, օրինակ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, իսկ Թուրքիայում ԱՄՆ-ի դիրքերը միշտ էլ ուժեղ են եղել։ Ես չեմ բացառում, որ ձևավորվեն այլ ձևաչափեր ևս, բայց ոչ թե հակամարտության կարգավորման, այլ կայունության և խաղաղության պահպանման, հավասարակշռվածության պահպանման համար»։










































