News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բաթումում անձը հաստատող նոր էլեկտրոնային վկայականների (ID քարտ) շնորհանդեսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը կարողացել է անել անհնարը՝ հաղթահարելով կրիմինալի և «հանցավոր մենթալիտետի» խնդիրները.
«Մենք հեշտությամբ սովորել ենք նրան, որ Վրաստանն այնպիսի երկիր է, ուր չկա կոռուպցիա, իսկ կրիմինալը շատ քիչ է։ Ցանկանում եմ հիշեցնել, որ Վրաստանն այժմ Եվրոպայի ամենաանվտանգ երկիրն է և դրանով իսկ՝ աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը։
Վրաստանը կարողացել է դրան հասնել՝ չնայած նրա տարածքի զգալի մասն օկուպացված է, բնակչության 10 տոկոսը հարկադիր վերաբնակներ են, և երկիրը երկար տարիներ գտնվել է ավերված վիճակում։ Այս ամենի ֆոնի վրա Վրաստանն անհնարինն է արել»։
Նշվում է, որ ID քարտն էլեկտրոնային փաստաթղթերում թվային ստորագրության հնարավորություն է ընձեռում և գործող օրենսդրության համաձայն՝ այդպիսի փաստաթղթերն ունեն իրավական ուժ։ Սկզբնական շրջանում այդպիսի քարտերի բաժանումը հնարավոր է միայն Թբիլիսիում, Բաթումում և Ռուսթավում։ Սեպտեմբերից սկսած՝ ցանկացողները կարող են այդ փաստաթուղթը ստանալ Վրաստանի ողջ տարածքում։









































