Հայաստանի վարչապետի խոսնակը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի գիշերվա եռակողմ՝ ռուս-հայ-ադրբեջանական համաձայնագրում չկա թուրք խաղաղապահների տեղակայման վերաբերյալ որևէ բառ: Կրեմլի խոսնակ Պեսկովն էլ հայտարարել է, որ խոսքը ռուս խաղաղապահների մասին է, թուրքերի մասին չկա որևէ բառ: Միաժամանակ նա ասել է, որ առանձին համաձայնության առարկա է ադրբեջանական տարածքում մոնիթորինգի կենտրոնի ստեղծումը: «Դա Ղարաբաղ չէ», հայտարարել է Պեսկովը: Միաժամանակ, «ՌԻԱ Նովոստին» հայտնել է, որ Ալիևն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղում խաղաղապահ մոնիթորինգի կենտրոն ստեղծելու հարցը: Կա՞ լրահոսում որոշակի իրարամերժություն, թե՞ խոսքը պարզապես Արցախի ադրբեջանական վերահսկողության տակ անցած և հայկական վերահսկողության ներքո մնացած տարածքների մասին է: Հայկական կողմում խաղաղապահ առաքելություն կիրականացնեն ռուս խաղաղապահները, իսկ ադրբեջանական կողմում կլինեն նաև թուրքեր: Այս մեխանիզմի մասին դեռևս չկա ստույգ տեղեկություն, սակայն այս մեխանիզմի պարագայում է թերևս հնարավոր դարձել, որ Բաքուն համաձայնի Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը, կամ ավելի շուտ՝ այդ համաձայնությանը եկել Թուրքիան, որովհետև մենք ակնհայտորեն գործ ունենք ռուս-թուրքական երկկողմ, և ոչ մի եռակողմ պայմանավորվածության հետ:
Ավելին, գործնականում մենք գործ ունենք Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի առնվազն դե ֆակտո չգոյության հետ: ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն մասնակցել այս համաձայնությանը, սա եռակողմ համաձայնություն է, հայտարարել է Կրեմլի խոսնակ Պեսկովը: Արդեն նշեցինք, որ եռակողմ է ձևով, իսկ բովանդակությամբ կամ քաղաքական էությամբ այն երկկողմ է՝ ռուս-թուրքական:
Այլ կերպ ասած, արձանագրվում է, որ պատերազմի արդյունքում Անկարան կարողացավ փոխել նաև Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, համենայնդեպս հասնել համաձայնությունների դրանից դուրս: Այստեղ, իհարկե, հարց է, թե ինչո՞ւ դա թույլ տվեցին ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Ֆրանսիայի պարագայում պետք է նկատել իհարկե, որ Փարիզը ունի կովկասյան գոտում ազդեցության, առավել ևս ռուս-թուրքական տանդեմի վրա ազդեցության քիչ լծակներ, կամ գրեթե չունի: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այնտեղ, իհարկե, նախագահի ընտրության ձայներն են հաշվում՝ ուղիղ կամ պատկերավոր իմաստով, և պատրաստվում հետընտրական զարգացումներին: ԱՄՆ համար Կովկասի պատերազմը ավելի կարևոր չէ, առնվազն քանի դեռ գործող իշխանությունը Թրամփն է: Ընդ որում՝ պետք չէ բացառել, որ հենց նրա պարտության հանգամանքը ստիպեց Ռուսաստանին ու Թուրքիային արագացնել, քանի դեռ Բայդենի վարչակազմը չի ստանձնել կառավարումը:










































