Չինաստանը երբեք չի մասնակցի ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ այսպես կոչված եռակողմ բանակցություններին, որը նվիրված է սպառազինությունների նկատմամբ վերահսկողությանը, քանի որ երկրի միջուկային զինանոցն ավելի փոքր է, քան ունեն Միացյալ Նահանգներն ու ՌԴ-ն: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր ՉԺՀ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը:
«Չինաստանը երբեք որևէ պետության հետ միջուկային սպառազինությունների որևէ մրցավազքի չի մասնակցել և չի մասնակցի: Հաշվի առնելով մի կողմից՝ Չինաստանի, ինչպես նաև, մյուս կողմից, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջուկային զինանոցների հսկայական տարբերությունը, Չինաստանից սպասել, որ նա կմասնակցի սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ որևէ եռակողմ բանակցությունների, անարդար է, անիմաստ և անիրական:
Չինաստանը երբեք չի մասնակցի այդպիսի բանակցությունների»,-ասել է Գեն Շուանը՝ հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեի նիստին, որն զբաղվում է զինաթափման և միջազգային անվտանգության հարցերով: Նա հավելել է, որ Պեկինը երբեք չի համաձայնի այդ հարցում ՉԺՀ-ի նկատմամբ շանտաժի կիրառմանը: «Չինաստանի հրաժարվելը սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ այսպես կոչված եռակողմ բանակցություններից, այդուհանդերձ, չի նշանակում, որ Չինաստանը հրաժարվում է մասնակցել միջուկային զինաթափման գործընթացին»,- նշել է դիվանագետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:









































