ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը ուրբաթ օրը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում խաղաղ բնակիչների անվտանգության և այն փաստի վերաբերյալ, որ նոր ռազմական գործողությունները անմիջական սպառնալիք են ներկայացնում մարդու առողջության համար COVID-19 համավարակի ֆոնին:
«Խոր մտահոգություն է առաջացնում փաստը, որ վերջին օրերին մենք տեսնում ենք բնակավայրեր, որոնք, ինչպես հաղորդվում է, թիրախավորվում և հրետակոծվում են ծանր զենքով հակամարտության գոտում և դրա շրջակայքում: Ես հիշեցնում եմ, որ հակամարտության բոլոր կողմերը պետք է կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները՝ խաղաղ բնակչությանը քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու միջազգային մարդասիրական օրենսդրությոան համաձայն` հարգելով ընտրողականության, համաչափության և նախազգուշականության սկզբունքները և խուսափելով խիտ բնակեցված տարածքներում ոչնչացման լայն սպեկտրով պայթուցիկ զենքի օգտագործումից », – ասել է Բաչելետը:
Գերագույն հանձնակատարը նաև ուշադրություն է հրավիրել հակամարտության տարածքում կասետային զինամթերքի օգտագործման մասին խորապես անհանգստացնող հաղորդագրությունների վրա:
«Կասետային զինամթերքները փոքր ռումբեր են ցրում լայն շառավղով, որոնցից շատերը անմիջապես չեն պայթում, բայց հետագայում կարող են երկար տարիներ սպանել և խեղել: Նման զինամթերքի օգտագործումը պետք է անհապաղ դադարեցվի», – ասել է Բաչելետը:









































