Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նախօրեին հրապարակեց Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի ազգային թիմերի հետ հանդիպումներին հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։ Ցուցակ, որը ոչ միանշանակ արձագանք ստացավ երկրպագուների շրջանում։ Խոսքը վերաբերում է հատկապես նատուրալիզացված խաղացողներ՝ նիգերիացի Ուդոյի և կոլումբացի Անգուլոյի ազգային թիմ հրավիրելուն։
Մեր հավաքականում սկիզբ առած նատուրալիզացման պրոցեսին արդեն անդրադարձել ենք։ Իրավիճակին հայացք նետենք թերևս այլ տեսանկյունից։ Նշենք, որ թե Ուդոն և թե Անգուլոն հենակետային կիսապաշտպաններ են։ Կարո՞ղ ենք արդյոք պնդել, որ օտարերկրացի ֆուտբոլիստները խաղային որակներով գերազանցում են «Արարատ-Արմենիայի» հենակետային կիսապաշտպան Արմեն Համբարձումյանին կամ նույն դիրքում խաղացող «Փյունիկի» ներկայացուցիչ Գոռ Մալաքյանին։ Վերջինս բազմիցս է հրավիրվել ազգային հավաքական և աչքի ընկել լավ խաղով։ Ունենք նաև Կարեն Մուրադյան, ով ելույթ է ունենում «Արարատում» և վերջին շրջանում ևս աչքի է ընկնում արդյունավետ խաղով։ Նշված ֆուտբոլիստները, չգիտես ինչու, չեն արժանացել Կապառոսի ուշադրությանը և չեն հրավիրվել հավաքական։
Վերջին շրջանում Հայաստանի հավաքականը խնդիրներ ունի հատկապես պաշտպանությունում։ Եվրոպա լիգայի խաղարկության առաջին փուլի «Ստյաուայի» դեմ մրցավեճում բավական հաջող հանդիպում անցկացրեց Գյումրիի «Շիրակի» եզրային պաշտպան Ժիրայր Մարգարյանը։ Վերջինս ևս չի հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական։ Ազգային թիմում կարելի էր փորձարկել նաև «Արարատ-Արմենիայի» պաշտպան Արթուր Դանիելյանին, որը մեր երկրում ելույթ ունեցող ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկն է։ Վնասվածքի պատճառով առաջիկա հանդիպումներին չի մասնակցի մեր հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից՝ կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը։ Չմոռանանք, որ հավաքականին չի միանալու նաև Հենրիխ Մխիթարյանը։
Այո, Կապառոսը կիսապաշտպանության առկա բացը լրացնելու մի քանի տարբերակ ունի, բայց… Արդյոք նման պայմաններում մեր ազգային թիմին չէ՞ր կարող օգնել «Փյունիկի» կիսապաշտպան փորձառու Արաս Օզբիլիսը։ Վերջինս ևս չի արժանացել Կապառոսի ուշադրությանը։
Ամենատարակուսելին թերևս Կապառոսի կողմից արգենտինական «Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանին հավաքական հրավիրելն է։ Ֆուտբոլիստ, որը վեց ամիս պաշտոնական հանդիպման չի մասնակցել։ Ֆուտբոլիստ, որը ստիպված է լինելու մոլորակի մյուս ծայրից համավարակի պայմաններում ժամանել Հայաստան։ Այս որոշումը մեկնաբանելն իսկապես դժվար է։ Փոխարենը իսպանացի մասնագետը հավաքական չի հրավիրել «Գանձասար-Կապանի» հարձակվող Գեղամ Հարությունյանին, որը լավ մարզավիճակում է և աչքի է ընկնում արդյունավետությամբ։ Մի՞թե խաղային պրակտիկայից զուրկ Բալեկյանը կարող է ավելի շատ օգուտ տալ մեր հավաքականին, քան Գեղամ Հարությունյանը։ Այս հարցի պատասխանը կարող է տալ թերևս Կապառոսը։








































