Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների հետ՝ հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի գլխավորությամբ: Փաշինյանը շեշտել է, որ դեռ մեկ տարի չկա, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվել է Հայաստանում, և հասկանալիորեն այն հայեցակարգային նշանակություն ունի երկրի համար, որովհետև Հայաստանի կառավարության ծրագրում ամրագրված է կոռուպցիայից զերծ հանրության տեսլականը, և սա սկզբունքային կարևոր նշանակություն ունի մեր երկրի հետագա զարգացման համար:
«Իհարկե, այսօր Հայաստանի օրակարգում կարևորագույն հարցերից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է, բայց ռազմավարական առումով մեզ համար կարևոր է ոչ թե կոռուպցիայի դեմ պայքար ունենալ, այլ ունենալ կոռուպցիայի կանխարգելման հստակ գործող մեխանիզմներ՝ նկատի ունենալով, որ կա՛մ կոռուպցիան Հայաստանում լինի անհնար՝ համապատասխան մեխանիզմների բերումով, կա՛մ ուղղակի այն այնքան նվազագույն մակարդակ ունենա, որպեսզի, որպես հանրային խնդիր, ընդհանրապես չլինի օրակարգում՝ բնականաբար, հետագա պայքարի մեխանիզմների առկայությամբ, երբ կոռուպցիայի ցանկացած դեպք առանց բացահայտման չի մնա»,- ասել է վարչապետը։
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը կարծում է՝ նման հանձնաժողովները կհաջողեն այն դեպքում, երբ Հայաստանում չլինեն մարդիկ, որոնց «ձեռք տալ չի կարելի»։
Վարուժան Հոկտանյանի խոսքերով՝ չափազանց կարևոր է թափանցիկության, հաշվետվողականության ու պատժից անխուսափելիության սկզբունքի կիրառումը։ «Հանձնաժողովի հիմնական գործառույթներից է պաշտոնատար անձանց ներկայացրած հայտարարագրերի ուսումնասիրումը։ Ի տարբերություն նախկինում գործող էթիկայի հանձնաժողովի, իրենք ավելի լայն լիազորություններ ունեն, կարող են ավելի լուրջ վերլուծություններ անել, ինչքան գիտեմ՝ օրենսդրական բարելավումներ ևս եղել են։ Հանձնաժողովը պետք է կարողանա իր պարտականությունները կատարել՝ անկախ ամեն հանգամանքից։ Որքանով էֆեկտիվ կլինի աշխատանքը, ցույց կտա ժամանակը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հոկտանյանը։
Մեր զրուցակցի խոսքերով՝ միայն այս հանձնաժողովը չի կարողանա պայքարել ու երկրում վերացնել կոռուպցիան, լավ աշխատել, բացահայտել, իրավապահ մարմինները ևս պետք է համակարգված ու ճիշտ աշխատեն, ընթացք տան ցանկացած գործի, հակառակ դեպքում՝ հանձնաժողովի կատարած աշխատանքը կարող է ջուրն ընկնել։ «Բոլոր մարմինները պետք է հստակ, նախաձեռնող ու անկախ ձևով աշխատեն։ Բարձրաստիճան պաշտոնյաներն՝ անկախ իրենց զբաղեցրած դիրքից, պետք է լինեն ուսումնասիրության առարկա։ Միայն նախկին պաշտոնյաները չէ, իհարկե իրենց հետ կապված խնդիր կա, բայց միայն իրենք չպետք է լինեն ուշադրության կենտրոնում։ Նույն մոտեցումը պետք է լինի բոլոր իշխանությունների օրոք»,- կարծում է Վարուժան Հոկտանյանը։
Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարելու համար միայն քաղաքական կամքը բավարար չէ, գտնում է ոլորտի մասնագետը։ Հոկտանյանի կարծիքով՝ պետք են ռեսուրսներ, բացի դրանից՝ մեծ խնդիր է հայաստանյան մենթալիտետը, միջանձնային հարաբերությունները, շրջապատը։ «Ամենակարևոր հարցը պետք է այն լինի, որ, սկսած վարչապետից, բոլոր պաշտոնյաները պետք է լինեն հակակոռուպցիոն մարմինների ուշադրության կենտրոնում։ Այստեղ ես այս հիմնական խնդիրն եմ տեսնում։ Նախորդ իշխանությունների օրոք միշտ պայքարը սահմանափակվել է միջին ու ստորին օղակներով։ Եղել են տարբեր դրդապատճառներ, հակակոռուպցիոն պայքարը վերածվել է ներկլանային պայքարի և այլն։ Սա հիմա չպետք է շարունակություն ստանա»,- համոզմունք հայտնեց Հոկտանյանը։
Այս համատեքստում մեր զրուցակիցը կարևորեց երկու նախապայման կամ սպասելիք, որ ունի հասարակությունը ներկա իշխանություններից։ Առաջինը՝ ակնկալվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում չպետք է լինեն տաբուներ, փակ գոտիներ, անձինք, որոնց պետք չէ ձեռք տալ, և երկրորդ՝ հակակոռուպցիոն պայքարը չպետք է դառնա քաղաքական կամ անձնական հաշիվներ մաքրելու գործիք։
«Այստեղ պետք է միասնական մոտեցում լինի բոլոր դեպքերի, բոլոր հանցագործությունների նկատմամբ, անկախ նրանից՝ ով է դա կատարել։ Հայաստանի պայմաններում կա խնդիր, որ մեկը մյուսի քավորն է, սանիկն է և այլն։ Շրջապատի խնդիրը բավական բարդացնում է գործը։ Օրինակ՝ հնարավոր է հանձնաժողովը բացահայտում անի, քրեական գործ հարուցվի, ու դրանից հետո սկսվեն զանգերը, փնտրեն ծանոթներ ու դրանով փորձեն ազդել քննիչների կամ հանձնաժողովի անդամների վրա։ Սա հատուկ է այն երկրներին, որտեղ քավոր, սանիկ, կլանային հարաբերությունները շատ ավելի ուժեղ են»,- տեսակետ հայտնեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
Հարցին՝ թե պաշտոնյաների բարձր աշխատավարձերը կամ պարգևավճարները ինչքանո՞վ են օգնում կոռուպցիայի կանխարգելման աշխատանքներում, և արդյոք դա բավարա՞ր պայման է պետական ապարատում կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար, Հոկտանյանը պատասխանեց․ «Եթե խոսքը գնար ոչ թե պարգևավճարների, այլ աշխատավարձերի բարձրացման մասին, ես խնդիր չէի տեսնի։ Բայց, եթե պարգևավճարներով ես փորձում բարձրացնել պաշտոնյայի եկամուտը, առանց որոշակի չափորոշիչների հիման վրա ֆիքսելու նրա աշխատանքի արդյունավետության աստիճանը, իհարկե, սխալ մոտեցում է։ Կոռուպցիայի կանխարգելելու տեսանկյունից սա անհրաժեշտ պայման է, բայց ոչ բավարար։ Ես հիշում եմ՝ Վրաստանում Սաակաշվիլիից առաջ՝ Շևարդնաձեի օրոք, դատախազների աշխատավարձերը կտրուկ բարձրացվեցին, բայց ոչ մի օգուտ չտվեց։ Ինչպես կոռումպացված եղել էր համակարգը, այդպես էլ մնաց, քանի որ այդ ժամանակ չէին գործում մյուս անհրաժեշտ պայմանները՝ թափանցիկության ու վերահսկողության մեխանիզմները։ Չնայած ասեմ, որ այստեղ ևս ամեն ինչ հարաբերական է։ Ինչպես ասում է ժողովրդական խոսքը՝ «ախորժակն ուտելուց է բացվում»։ Տարբեր մարդիկ տարբեր պահանջմունքներ ունեն։ Պետք է լինի թափանցիկության, հաշվետվողականության ու պատժի անխուսափելիության սկզբունքի կիրառումը»։









































