«Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կրկին ջանքեր է գոծադրում վարչապետ դառնալու ուղղությամբ»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Նույն աղբյուրների փոխանցմամբ, սակայն, Սերժ Սարգսյանը դեմ է գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելուն: Ինքը՝ Աբրահամյանը, Աժ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանի միջոցով երեկ մեզ փոխանցեց, թե վարչապետ դառնալու ցանկություն չունի։ Գործող վարչապետի և Աժ նախագահի հակասությունները, սակայն, այնքան են խորացել, որ վերջին օրերին դրսևորվեցին նաև մամուլում»:
Թերթի աղբյուրները փոխանցում են, որ Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելուն խոչընդոտում է Սերժ Սարգսյանի փեսա և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը. «Վերջինս, ինչպես տեղեկացրել ենք, ցանկանում է խորհրդարանը մաքրել օլիգարխներից ու ՀՀԿ-ի հնաբնակներից և նրանց փոխարինել իր երիտասարդ կադրերով: Ավելին, ըստ լուրերի, Հանրապետականի համամասնական նոր, նախնական ցուցակն արդեն կազմված է հենց այս տրամաբանությամբ: Այսպիսով, Հովիկ Աբրահամյանը թեև մնալու է ՀՀԿ-ի ցուցակում և չի բացառվում անգամ, որ գլխավորի այն, ըստ էության զրկվելու է այս պահին ՀՀԿ-ի ներսում ունեցած հենարանից: Իսկ նրա հենարանը հենց այն կադրերն են, որոնցից ցանկանում է ազատվել Սերժ Սարգսյանի փեսան: Իշխանական կուլիսներում խոսվում է նաև, որ հենց Հովիկ Աբրահամյանն է ընտրությունների ժամանակ լինելու ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետը և ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում կպահպանի Աժ նախագահի աթոռը:
Իսկ գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին քննադատություններ խորհրդարանում կարելի է լսել ամեն քայլափոխի: Աժ պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը համարում է, որ Տիգրան Սարգսյանը պետք է օր առաջ պաշտոնանկ արվի: Ու թեև Հովիկ Աբրահամյանը հրապարակայնորեն պնդում է, թե ինքը վարչապետ դառնալու ցանկություն չունի, սակայն թեժ պայքարը նրա և Տիգրան Սարգսյանի միջև ընթանում է, ու դժվար է ասել, թե ինչով կավարտվի»:









































