Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Ուրուգվայի հավաքականը 3:0 հաշվով առավելության հասավ Պարագվայի ընտրանու նկատմամբ և ռեկորդային` 15-րդ անգամ հռչակվեց Copa America-ի չեմպիոն: Հիշեցնենք, որ մինչ այս մրցաշարը Ուրուգվայն ու Արգենտինան 14-ական անգամ էին տիրացել Ամերիկայի ամենահեղինակավոր գավաթին:
Հանդիպումը շատ ակտիվ սկսեցին ուրուգվայցիները, ինչը շուտով տվեց իր արդյունքը. 12-րդ րոպեին աչքի ընկավ Լուիս Սուարեսը: Խփած գոլից հետո Օսկար Տաբարեսի սաները հետ չքաշվեցին և շարունակում էին ճնշում գործադրել Վիլյարի պաշտպանած դարպասի վրա: 41-րդ րոպեին իր խոսքն ասեց Ուրուգվայի մյուս առաջատարը` Դիեգո Ֆորլանը` 2:0, իսկ մինչ այդ նույն Ֆորլան ու Սուարեսը մեկական հրաշալի հնարավորություն կորցրին:
Երկրորդ խաղակեսն առաջինից շատ չէր տարբերվում. պարագվայցիներն անուժ էին որևէ բան հակադրել Ուրուգվայի հրաշալի գործող հավաքականին: Սեբաստիան Աբրեուի դարպասի մոտ ամենավտանգավոր պահը ստեղծվեց 53-րդ րոպեին, երբ Նելսոն Վալդեսի ընթացքից կատարած հարվածից հետո գնդակը ցնցեց հորիզոնական դարպասաձողը:
Հանդիպման մնացած ժամանակը նույնպես անցավ Տաբարեսի սաների բացահայտ առավելությամբ և արդեն մրցավարի ավելցրած ժամանակում գործեց Կավանի, Սուարես, Ֆորլան եռյակը: Ուրուգվայը 3:0 հաշվով արժանի հաղթանակ է տոնում և դառնում Ամերիկայի ամենատիտղոսակիր հավաքականը:








































