Friday, 19 04 2024
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր

Մեր նախկինների միակ հույսը պատերազմն է . նրանք դարձել են Ալիևի բնական դաշնակիցը

Վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում Ադրբեջանը նկատելի ակտիվություն է ցուցաբերում Հայաստանի սահմանին, և Հայաստանի քաղաքական ու վերլուծական շրջանակներում լուրջ կասկածներ են հնչում առ այն, որ ադրբեջանական կողմի վերջին սադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն:

Ցավոք, ադրբեջանական զինուժի այս սադրանքները կրկին հանգեցրել են մարդկային կորուստների: Նախ, ս. թ. մարտի 6-ին հայտնի դարձավ, որ նույն օրը՝ վաղ առավոտյան, ադրբեջանցի զինծառայողները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված դիրքերից մեկի ուղղությամբ, սակայն հայկական զինուժի դիրքապահ անձնակազմի գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել դեպի իր ելման դիրքը: Մարտի 10-ին, Հայաստան-Ադրբեջան սահմանի արդեն հարավ-արևմտյան՝ նախիջևանյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող Զոհրաբ Սիանոսյանը: Իսկ ուրբաթ օրը՝ մարտի 13-ին, ինչպես ՀՀ ՊՆ նորանշանակ մամուլի խոսնակն է հայտնել, հակառակորդը գնդացրով կրակ է վարել Իջևանի սահմանին տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, բայց հայկական կողմը պատասխան կրակոցներով լռեցրել է հակառակորդին:

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծում է, որ Հայաստանի սահմանների վրա կրակող Ադրբեջանը իրականում կրակում է ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) և Ռուսաստանի ուղղությամբ:

«Սա ավելի շատ վերաբերում է ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին և այս կառույցի հեղինակությանը, քան Հայաստանին։ Վստահաբար ասեմ՝ Հայաստանն իր հարցերը կլուծի», – ասել է պատգամավորը։

Նախկինում էլ են, իհարկե, եղել դեպքեր, երբ Ադրբեջանի ռազմական սադրանքները՝ ոչ թե ղարաբաղյան գոտում, այլ հենց ՀՀ սահմանին, առերևույթ ուղղված են եղել Հայաստանի և ՀԱՊԿ-ի կամ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացմանը, օրինակ՝ 2016 թ. դեկտեմբերի վերջին իրականացված դիվերսիոն հարձակումը, որն ուղղակիորեն կապվեց ՀԱՊԿ-ում տիրող ճգնաժամի հետ:

Բայց կան նաև տեսակետներ առ այն, որ Ադրբեջանի վերջին գործողությունները կարող են կապված լինել քաղաքական այլ հարցերի, մասնավորապես՝ Հայաստանի ներքաղաքական զարգացումների ու ս. թ. ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեի և Արցախում մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունների հետ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը։

– Պարոն Անտինյան, ադրբեջանական կողմի այս գործողություններում քաղաքական ենթատեքստեր կամ քաղաքական դրդապատճառներ տեսնո՞ւմ եք:  Սա կարո՞ղ է կապված լինել ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական հարաբերությունների կամ, գուցե, Հայաստանի ներքաղաքական զարգացումների, Արցախի ընտրությունների հետ:

– Նախ, կուզեի մեր հայրենակիցների ուշադրությունը դարձնել նաև այն հարցի վրա, որ Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում թեկնածուներից մեկը բավական կոշտ գնահատականներ է տալիս թե՛ Հայաստանի ղեկավարությանը, թե՛ նաև փորձում է Հայաստանի ղեկավարությանը մեղադրել, որ իրենց դիրքորոշումն է Արցախի հարցում ապակառուցողական, որի պատճառով կարող է պատերազմ սկսվել: Խոսքը վերաբերում է Վիտալի Բալասանյանին, որն իրեն իրավունք է վերապահել ասելու, թե «մենք լինելու ենք իշխանությունների համար զսպող օղակ, Փաշինյանն ապրիլի 1-ին ինձ շնորհավորելու է որպես Արցախի Հանրապետության նախագահ»:

Իսկ հիմա քննարկենք՝ որքանո՞վ է դա արժանահավատ: Հավանականությունը, որ Արցախում մարտի 31-ին կայանալիք ընտրությունները կավարտվեն մեկ փուլով, որպեսզի հաղթողին Նիկոլ Փաշինյանը շնորհավորի ապրիլի 1-ին, շատ փոքր է: Եթե ընտրություններն ավարտվել մեկ փուլով, ապա հավանականությունը, որ հաղթողը կլինի Վիտալի Բալասանյանը, այլ ոչ թե նրա մրցակիցներից որևէ մեկը, դարձյալ շատ փոքր է: Եթե անգամ դիտարկենք, որ Բալասանյանը երկրորդ փուլով անցնի, ապա անգամ այդ պարագայում հավանականությունը, որ պարտված թեկնածուները կհամախմբվեն 2-րդ փուլ անցած Բալասանյանի շուրջ, նույնպես շատ փոքր է: Ուստի անենք եզրակացություն. հավանականությունը, որ Վիտալի Բալասանյանը կդառնա Արցախի նախագահ, հավասար է զրոյի: Ու եթե նա վստահորեն պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին իրեն կշնորհավորի որպես նախագահի, կարելի է դիտարկել որպես ապրիլմեկյան կատակ:

Մեկ այլ հարցազրույցում նա պնդում էր, թե չի հավատում, որ Սերժ Սարգսյանը հող հանձնող է, և այլն, և այլն: Մենք սա նույնպես հիշում ենք: Բայց այս դեպքում հարց է առաջանում՝ նա այնքան է հավատում Սերժ Սարգսյանին, որ չի հավատում անգամ նրա հայտարարությունների՞ն:

Ինչո՞ւ եմ ասում այս ամենը: Ասում են, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության պատճառով կարող է պատերազմ սկսվել: Ժամանակին, երբ սահմանային լարվածություն էր լինում, և լինում էին դիվերսիոն ներթափանցման փորձեր կամ կրակոցներ մեր սահմանին, Ադրբեջանը ստուգում էր մեր սահմանների ամրությունը, որպեսզի գտներ թույլ տեղը և հարձակվեր: Այսօր, երբ կրակում են ՀՀ-ի և Արցախի սահմանին և դիվերսիոն ներթափանցման փորձեր են անում, նրանք ստուգում են ոչ միայն մեր սահմանների, այլև Հայաստանի իշխանությունների ներքին ամրությունը: Ուզում են իմանալ՝ եթե իրենք հարձակվեն, Հայաստանի նախկին իշխանության ուժերը կօգտագործե՞ն առիթը մեղքը գցելու Փաշինյանի վրա, թեկուզ Հայաստանը  տարածք կորցնի, բայց նրան ասեն, որ «քո մեղքով պատերազմ սկսվեց, և գեներալիտետը, ուժային կառույցները քեզ չեն վստահում», այդ առիթն օգտագործեն և նրան պաշտոնանկ անեն: Թե ինչքան մարդ այդ ընթացքում կզոհվի, ինչքան տարածք կկորցնենք՝ դա արդեն հարցի մյուս կողմն է: Միևնույն է, այդ ամբողջի պատասխանատվությունը գցելու են Նիկոլ Փաշինյանի վրա:

Ուստի ուզում եմ վստահաբար պնդել իմ դիտարկումը՝ Արցախում տեղի ունեցող ընտրությունների ժամանակ այս լարվածությունը, որ գալիս է Արցախից՝ կոնկրետ մի թեկնածուի շուրջ, նրանք հասկանում են մի բան, որ եթե Վիտալի Բալասանյանը պարտվի Արցախի ընտրություններում՝ դրանով փակվելու է Հայաստանի ղարաբաղյան կլանի էջը, որի ենթակայության տակ էր Լեռնային Ղարաբաղը այսքան տարիների ընթացքում: Նրանք կորցնում են իրենց ազդեցության վերջին շանսը: Ադրբեջանը նույնպես հասկանում է, որ այսօր Լեռնային Ղարաբաղում մահու-կենաց կռիվ է գնում, և մտածում է՝ կկարողանա՞ արդյոք այդ առիթից օգտվել, թե՞ ոչ: Ես ասեմ՝ սահմանային լարվածությունը ինչպիսին էլ լինի, ինչպիսի խուճապային տրամադրություններ փորձեն առաջացնել, ինչ կանխատեսումներ էլ որ անեն, միևնույն է, Ադրբեջանն այսօր պատրաստ չէ պատերազմ սկսելու ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանը ունի մահաբեր զենք, որը կարող է կործանել Ադրբեջանը, ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի նոր իշխանությունները լի են վճռականությամբ, ասում են՝ «կհարձակվես՝ նոր տարածքներ կկորցնես» …

– Դուք կարծում եք, որ ինչպես Փաշինյանը մի անգամ իր հայտնի ելույթի ընթացքում ասաց՝ Արցախում և Հայաստանում կան մարդիկ, կան ուժեր, ովքեր կուզենային «դավադիր պատերազմ» հրահրել և տեղի ունեցածի պատասխանատվությունը գցել Հայաստանի կառավարության վրա: Կարծում եք, որ իրոք կա՞ն նման շրջանակներ: Եկեք չմոռանանք, որ այսպիսի հայտարարություն է եղել:

– Այո՛, այդպիսի հայտարարություն եղել է, և ես կարծում եմ, որ այո, այդպիսի շրջանակներ կան, որովհետև մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն այսօրվա դրությամբ պատրաստ չէ պատերազմ սկսելու, Ադրբեջանը միայն մտածում է՝ կկարողանա՞ արդյոք Հայաստանի ներքին խժդժությունները օգտագործել պատերազմի համար, որովհետև բանակցությունների սեղանին ինքը Փաշինյանից զիջում չի կարող կորզել այն պարզ պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Եթե նա այդպիսի գիծ է սահմանում, ուրեմն ինքն ինչ էլ պայմանավորվի, դա հնարավոր չէ:

Արցախում հիմա ասում են, թե բանակցությունների ընթացքում գծագրեր են անում, քարտեզներ են գծում, որպեսզի ադրբեջանցիներին բերեն, վերաբնակեցնեն: Ուզում եմ հիշեցնել նորից Արցախի նախագահի թեկնածուին՝ գեներալ անձնավորությանը, ով չէր հավատում, թե Սերժ Սարգսյանը հող հանձնող է, որ Սեժ Սարգսյանը համաձայնել է ստորագրել Կազանի փաստաթուղթը, և մենք այդ ամոթալի վիճակից դուրս եկանք միայն այն պատճառով, որ Ադրբեջանը չստորագրեց: Իսկ այդ փաստաթղթում հստակ ամրագրված էր ոչ միայն 7 շրջանների հանձնելը և հայկական բնակչությանը այդ շրջաններից հանելը, այլև համաձայնել էր, որ փախստականները վերադառնան Լեռնային Ղարաբաղ, և բնակչությունը լինի այն համամասնությամբ, որը եղել է մինչև 1988 թվականը: Իսկ սա ամենավտանգավորն է, որովհետև Սերժ Սարգսյանի օրոք ամեն ինչ արվում էր, որպեսզի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչությունը չավելանա: Շատ-շատերը ցանկանում էին Հայաստանից գնալ, Ղարաբաղում ապրել, բայց այնտեղ՝ սկսած նախագահից մինչև ամենավերջին չինովնիկը, ստեղծում էին բոլոր խոչընդոտները, որպեսզի հայ բնակչությունը չավելանա Արցախում: Ինչո՞ւ: Որովհետև եթե իրենք պայմանավորվել էին պահպանել 1988 թվականի համամասնությունը, և մենք կրկնապատկեինք, եռապատկեինք հայ բնակչությունը, ապա այդ համամասնությունը ապահովել հնարավոր չէր լինելու: Բայց այդ պարտավորությունը Սերժ Սարգսյանն իր վրա վերցրել էր: Այս ամենը մենք պիտի համալիր դիտարկենք: Այս ամբողջն ի վերջո հանգելու է նրան, երբ արցախցին կանի իր ընտրությունը և չի՛ ընտրի Հայաստանի ղարաբաղյան կլանի դրածոյին Ղարաբաղում:

– Չէի ուզենա անձնավորել հարցը, բայց չափից ավելի վտանգավոր չէ՞ մեր ազգային շահերի և մեր ազգային միասնության համար այն, որ Արցախում ձգտում են իշխանության գալ այնպիսի մարդիկ, ովքեր ակնհայտ հակասություն են հրահրում Երևանի հետ: Եկեք վերջապես հասկանանք, որ Արցախը փաստացի Հայաստանի մասն է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ առավել ևս անվտանգության և թե՛ այլ առումներով, և երբ ասում ենք, որ Արցախը անկախ է, դա դիվանագիտական մարտավարություն է, ոչ թե ռազմավարություն, և դա մենք ասում ենք Արցախի հայության ինքնորոշման իրավունքն ու անջատումը Ադրբեջանից միջազգայնորեն ամրագրելու համար:

– Հարցն այն է, որ արցախցին այս բախտորոշ պահին չի ընտրի այնպիսի մարդու, բացառվո՛ւմ է, որ ընտրի այնպիսի մարդու, որը կարող է այդպիսի ապակայունացնող գործոն լինել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև: Արցախցին այդպիսի արկածախնդիր ընտրություն չի անի: Դրա համար գուցե քաղաքագիտական առումով անզգուշություն է, որ ես ասում եմ, թե հավանական թեկնածուներից մեկի՝ Վիտալի Բալասանյանի հաղթելու հնարավորությունը հավասար է զրոյի, նման կատեգորիկ բան սովորաբար չի ասվում քաղաքագետի կողմից, բայց ես ինձ թույլ եմ տալիս դա ասելու, որովհետև արցախցին չի անի դա: Այդ ընտրությունը ես չէ, որ անում եմ, արցախցին այս պահին նման ընտրության չի գնա: Դա բացառում եմ: Եվ ձեր ասածի ուղղությամբ եմ ուզում ընդգծել, որ, անշուշտ, տակտիկական տեսանկյունից շատ կարևոր է, որ մենք աշխարհին ցույց տան, որ Արցախում տեղի են ունեցել ընտրություններ, Արցախն ունի անկախ պետականության բոլոր ատրիբուտները՝ անկախ այն հանգամանքից՝ նրան կճանաչի աշխարհը, թե չի ճանաչի: Արցախը ինքնուրույն քաղաքականություն է վարում, որպեսզի անհրաժեշտության դեպքում, եթե ճնշում լինի Հայաստանի վրա և փորձեն ինչ-որ պատժամիջոցներով պարտադրել մեզ գնալու զիջումների, ապա արցախցին, Արցախի ընտրված իշխանությունները դրան չեն համաձայնվի: Այսինքն՝ մենք մանևրելու հնարավորություններ պիտի ստեղծենք մեզ համար: Բայց դա մենք ասում ենք դիվանագիտական ճկունության համար: Մենք ինքներս գիտենք, որ Արցախը օրգանապես Հայաստանի մաս է, Արցախը նույն տարածքն է՝ ինչ Հայաստանը: Այնտեղ գործում է մեր փողը, սահմանները բաց են, անգամ մաքային սահման չունի Արցախը: Մենք ի՞նչն ենք ուզում անկախացնենք, ի՞նչ ենք ուզում դրանով անենք: Մենք Արցախի անկախությունն ընդգծում ենք, որպեսզի ասենք, որ մենք երաշխավորն ենք Արցախի ազատ ինքնորոշման իրավունքի արտահայտման՝ վստահ լինելով, որ Արցախի անկախության միջազգային ճանաչման հաջորդ իսկ օրը Արցախի պիտի ասի՝ միանում եմ Հայաստանին: Մենք գիտենք՝ դա ինչի համար է, մենք դա անում ենք աշխարհի հետ մանևրելու համար: Բայց չի կարելի այնքան անլրջանալ, որ ասեն՝ եթե Արցախը ինքնուրույն հանրապետություն չի, ուրեմն Հայաստանի դեմ պիտի դուրս գա: Ու ի՞նչ պիտի անի՝ Հայաստանի դեմ դուրս գալով:

– Բայց այդ մոտեցումը, ցավոք, թյուրընկալումների տեղիք է տվել նույն Արցախում, և շատերին թվացել է, թե Արցախը անկախ է ոչ միայն Ադրբեջանից, այլև Հայաստանից: Այսինքն Հայաստանը «Ռուսաստանի, Մոլդովայի պես» մի երկիր է Արցախի համար՝ ինչպես Վիտալի Բալասանյանն էր մի անգամ համեմատել:

­ – Խնդիրն այն է, որ ոչ թե մարդիկ կան, որ չեն հասկանում, թե ինչ են ասում, այլ սա բխում է նրանից, որ Արցախում դեռ կան ուժեր, որոնց համար մահու-կենաց կռիվ է, որպեսզի վերցնեն իշխանությունը Արցախում և այնքան տարի, որ իրենք կարողացել են Արցախը ստրկացնել, բայց մենք, այդուհանդերձ, աշխարհին կարողացել ենք ցույց տալ, որ Արցախում իսկապես եղել են ազատ ու արդար ընտրություններ, մենք ամեն դեպքում գիտենք, որ այդ ընտրություններն անցկացվել են Հայաստանի դիկտատուրայի տակ: Հայաստանի իշխանություններն ասել են՝ Արցախը պատերազմական գոտում է, այնտեղ շատ ազատ ընտրությունները վտանգավոր է, չի կարելի դրան գնալ, և զինվորական կարգապահությամբ ընտրություններ են արել: Մենք ո՞ւմ ենք ուզում խաբենք: Այսօր առաջին անգամ Արցախում լինելու են ազատ, արդար ընտրություններ, որ ինչպիսի վերլուծություն էլ անենք, բոլորս էլ գիտենք, որ դրա մեջ անկանխատեսելիության էլեմենտ կա: Բայց նախկին վարչակարգի օրոք որևէ մեկը 1 մմ անգամ կկասկածե՞ր՝ ով է լինելու Արցախի նախագահ: Հիմա արդեն ավարտվում է այդ մարդկանց լիազորությունը, կարողանում ենք հանգիստ խոսել:

– Հետևաբար, Ադրբեջանի կողմից լարվածության հրահրումը Հայաստանի հետ սահմանին ի՞նչ կապ կարող է ունենալ արցախյան իրադարձությունների կամ Հայաստանի ներքաղաքական զարգացումների հետ: Ի՞նչ կապ եք տեսնում:

– Քանի որ Արցախում մարտի 31-ին համապետական երկու ընտրություններ են լինելու՝ նախագահի և խորհրդարանի, իսկ ապրիլի 5-ին Հայաստանում նախատեսված է հանրաքվե, և այս երկու իրադարձությունները համընկել են, այս իրավիճակում որոշ մարդիկ հույս ունեն, որ եթե Նիկոլ Փաշինյանին չհաջողվի բավարար չափով ձայներ ստանալ հանրաքվեին և հաստատել սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ կապված Սահմանադրական դատարանի հետ, ապա սկսեն նրա պաշտոնանկության գործընթացը: Դա շատ հարմար է, որ իրենք փորձեն վերցնել Արցախի իշխանությունը կամ պահեն իրենց տիրապետության տակ և նաև փորձեն Հայաստանում տեղի ունեցող զարգացումները ծառայեցնել նրան, որ ապակայունացնեն երկիրը, ասեն՝ Նիկոլ Փաշինյանը վստահություն չունի, նա պետք է հեռանա: Նա էլ ռազմական գործընթացների երբեք չի մասնակցել, և իրենց ենթադրությամբ՝ զինվորական վերնախավը նրան չի աջակցի:

– Եվ բացի այդ, չի բացառվում, որ համաճարակի տարածման ներկայիս միտումները ստիպեն հետաձգել հանրաքվեի քարոզարշավը:

– Անկախ նրանից՝ քարոզարշավը կհետաձգվի, թե ոչ, նախկինների մտադրությունը դրանից չի փոխվելու: Նախկինները մտածում են, որ «նույնիսկ թող պատերազմ լինի, միայն թե մենք կարողանանք Նիկոլ Փաշինյանին գահընկեց անել, այլապես ժողովուրդը նրան վստահում է, մենք շանս չունենք գահընկեց անելու»: Նրանք երկու տարի խոսում էին, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կտրուկ իջել է, նվազել է, նա այլևս աջակից չունի, ընդամենը ֆեյքերն են նրան աջակցում, բայց այսօր Նիկոլ Փաշինյանը գնում է այցելությունների և ցույց է տալիս, որ իրական մարդիկ են իրեն աջակցում: Հիմա իր հակառակորդները սարսափում են՝ հասկանալով, որ նա այդ ձայնը կհավաքի և այդ դեպքում կապացուցի, որ ինքը վստահություն ունի: Փաշինյանին գահընկեց անելու նախկին իշխանությունների միակ հույսը պատերազմն է: Այսինքն՝ իրենք դարձել են Ալիևի բնական դաշնակիցը: Ուղղակի Ալիևն իրենց չի վստահում, Ալիևը վստահ չէ, որ եթե ինքը պատերազմ սկսեց՝ մեր երկրում կլինի այն սցենարը, ինչի մասին խոսում էինք, որի հետևանքով ադրբեջանական կողմը տարածքներ կվերցնի: Որովհետև նա մտածում է, որ եթե ինքն այդ պատերազմը սկսեց՝ Հայաստանի ժողովուրդը մոբիլիզացվելու է իր վարչապետի շուրջ, տարաձայնությունները մի կողմ է դնելու, և մեր նախկիններն ընդամենը դառնալու են Ալիևի «պոլիցայները», որոնք փորձելու են մեր երկրում նրա շահերը պաշտպանել, և նրանց կկալանավորեն ռազմական դրության օրենքով: Ու վերջ: Ամեն ինչ վերջանալու է: Ալիևը չի հարձակվում, որովհետև ինքն էլ է տեսնում, որ մեր նախկինները բավարար ուժ չունեն:

– Իսկ Ալիևի այն հայտարարությունը, երբ Հայաստանի ներկա իշխանություններին մեղադրեց նախկին նախագահին քաղաքական հետապնդման ենթարկելու համար և ըստ էության՝ Քոչարյանին որակեց իբրև «քաղբանտարկյալ», դա ինչո՞վ է բացատրվում:

– Ասեմ, թե խնդիրը որն է: Շատ դեպքերում մերոնք մի քիչ ոգևորվում են նրանով, երբ հայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ Արցախը ժողովրդավար երկիր է, իսկ Ադրբեջանը ժողովրդավար չէ: Նա պետք է լինի կամ անկախ, կամ Հայաստանի կազմում, որովհետև Հայաստանը ժողովրդավար է: Եվ ասողներն ովքե՞ր էին: Դիկտատոր Սերժ Սարգսյանը ասում էր՝ Ալիևը դիկտատոր է, ու դրա վրա կառուցում էին մի ամբողջ քաղաքականություն և աշխարհին դա էին ասում՝ այն դեպքում, երբ աշխարհը տարբերություն չէր դնում այդ երկուսի միջև: Այդ իսկ պատճառով դա շատ վտանգավոր թեզ է: Մեր պատմական տարածքի մասին չի կարելի ասել, թե ով ժողովրդավար է՝ տալիս ենք նրան: Սա ի՞նչ հիմարություն է: Նույնիսկ եթե վաղը Ադրբեջանը դառնա աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը, ամեն դեպքում Արցախը մեր հայրենիքն է, մեր պատմությունն է, մեր արժանապատվությունն է, մեր հայրենակիցներն են: Ի՞նչ է նշանակում այդ անիմաստ խոսքը: Ասենք, Ադրբեջանը մի օրինական ընտրություն անցկացնի, նախկիններն էլ հայտարարեն՝ «Հայաստանում Նիկոլ Փաշինյանը դիկտատուրա է հաստատել, Ալիևն էլ արել է ազատ, արդար ընտրություններ, եկեք Արցախը տանք Ադրբեջանի՞ն»: Սա ի՞նչ անհեթեթություն է:

– Այսինքն՝ այլ փաստարկ չունե՞նք, որ բացատրենք, թե ինչու Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

– Խնդիրն այն է, որ երբ Արցախի բնակչությունն ինքնորոշվել և անկախություն է հռչակել, Ադրբեջանը սկսել է պատերազմ, և մենք հաղթել ենք մեզ պարտադրված պատերազմում: Այդ ժամանակ կարելի էր ասել, որ հարգելիներս, դուք չհարգեցիք մեր անկախությունը, եթե մենք ձեզ համար հարազատ լինեինք՝ դուք մեզ չէիք սպանի: Ուրեմն մենք ձեզ համար օտար ենք, և դուք սպանում եք մեզ, որ մեր հողը վերցնեք: Ոչ մի հարազատ իր երեխային չի սպանում նրա համար, որն ուզում է առանձին ապրել: Նշանակում է՝ մենք ձեզ համար օտար ենք, և դա ապացուցվեց պատերազմով: Բայց գալ 2020 թվական և ասել թեզեր, որոնք 1994 թ.-ին են վերաբերել, անլուրջ է: Մենք ապացուցել ենք, որ Ադրբեջանը մարդակեր է, նրա համար տարածքն էր կարևոր, ոչ թե իր քաղաքացին: Մենք դա ապացուցել ենք և ասել՝ մեզ պետք է այդ անվտանգության գոտին, որովհետև մենք գիտենք, որ Արցախին վտանգ է սպառնում: Բայց այդ ժամանակները վաղուց անցել են, մենք այդ անվտանգության գոտին արդեն ընկալում ենք որպես ազատագրված տարածքներ և հետո էլ ապացուցում ենք, որ դրանց հսկայական մասը մեր պատմական հողերն են: Եվ մի սերունդ է ծնվել ու մեծացել Հայաստանում և Արցախում, որն ընդհանրապես ադրբեջանցի չի տեսել և գիտի, որ դա իր հողերն է: Այդ սահմաններն ամրագրված են Արցախի սահմանադրության մեջ: Ինչո՞ւ ենք նորից վերադառնում այդ հին խոսակցությանը: Մեր արգումենտներն ավելի հզոր են եղել, քան այն սուբյեկտներինը, որոնք անկախացել են մեր աչքի առաջ, և աշխարհը դա ճանաչել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում