Sunday, 28 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Սիրիան վերջապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը․․․ Էրդողանի կողմից պատերազմ հայտարարելուց հետո

Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այս պատմական որոշումը Սիրիայի Ժողովրդական ժողովը ընդունել է փետրվարի 13-ին գումարված նիստում՝ միաձայն կողմ քվեարկությամբ։

Իհարկե, չմոռանանք, որ դեռ 5 տարի առաջ Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող արաբական այս երկրի խորհրդարանը անդրադարձել էր Մեծ Եղեռնի հարցին։ 2015 թ․ մարտի 17-ին Սիրիայի Ժողովրդական ժողովը հատուկ նիստ էր գումարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և հարգանքի տուրք մատուցել ավելի քան մեկուկես միլիոն զոհերի հիշատակին։ Բայց այս շաբաթ Դամասկոսում ընդունված բանաձևը պաշտոնական տեսանկյունից ավելի կարևոր նշանակություն ունի։

«Արմենպրես»նշում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը սիրիական խորհրդարանի օրակարգ էր բերվել Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից։ Բանաձևը հաստատում է հայ ժողովրդի նկատմամբ 20-րդ դարի սկզբին Օսմանյան պետության կողմից իրականացված ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը։

Այսպիսով, Սիրիան դարձավ հատուկենտ երկրներից մեկը թե՛ արաբական ու մուսուլմանական աշխարհում և թե՛ Թուրքիայի հարևանների շարքում, որը խորհրդարանի մակարդակով ճանաչեց ավելի քան 100 տարի առաջ այսօրվա Թուրքիայի տարածքում երիտթուրքական կառավարության գործած հանցանքը հայերի և քրիստոնյա այլ ժողովուրդների նկատմամբ։ Եվ դժվար է չնկատել, որ թե՛ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները և թե՛ Սիրիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևերն ընդունում են Թուրքիայի հետ իրենց հարաբերությունների կտրուկ վատթարացման ու սրման ֆոնին։

Եթե խոսենք թուրք-սիրիական հարաբերությունների մասին՝ Անկարայի և Դամասկոսի հարաբերությունները վատթարացել են 2011 թ․-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո։ Թուրքիայի ղեկավարությունը՝ Էրդողանի գլխավորությամբ, շատ արագ մոռացավ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ բարձր մակարդակի, սերտ հարաբերությունները, նույնիսկ իրենց ընտանիքների միջև անձնական ջերմ հարաբերությունները և Թուրքիայի կողմից հովանավորվող զինյալ խմբավորումների միջոցով սկսեց ակտիվորեն աջակցել Ասադի վարչակարգի դեմ զինված պայքարին։ Իսկ վերջին օրերին թուրք-սիրիական լարվածությունը վերաճել է թուրք-սիրիական անմիջական ռազմական բախումների հյուսիս-արևելյան Իդլիբ նահանգի տարածքում։ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե ՌԴ նախագահ Պուտինի հետ հաստատված Սոչիի համաձայնագիրը Իդլիբի հարցի վերաբերյալ այլևս ուժի մեջ չէ, քանի որ Ասադը խախտել է այդ պայմանավորվածությունները։ Եվ հիմա վերլուծաբանները խոսում են Սիրիայի և Թուրքիայի միջև լայնածավալ հակամարտության վտանգի մասին։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին թուրքական բանակը հերթական ռազմական ներխուժումն էր ձեռնարկել դեպի Սիրիայի հյուսիսային շրջաններ։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

– Պարոն Իսպիրյան, փաստորեն Սիրիան, Հունաստանից հետո, դարձավ Թուրքիայի երկրորդ հարևանը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։  9-10 տարի առաջ, երբ Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա էին, նման բան հնարավո՞ր էր պատկերացնել։

– Հայոց ցեղասպանության ճանաչման այս ամբողջ գործընթացը ցույց է տալիս, որ մուսուլմանական աշխարհի երկրներն այս հարցում չեզոք դիրք էին պահում Թուրքիայի հետ հարաբերություններում։ Թեև ներսում այդ երկրների առաջնորդները գնում էին հայերի կազմակերպած միջոցառումներին, ճառեր էին ասում, սակայն պաշտոնապես խուսափում էին ճանաչումից՝ այսպես ասած մուսուլմանական համերաշխություն ցուցաբերելով Թուրքիային։ Նույնիսկ դրա փորձից էին խուսափում։ Մենք գիտենք, որ նման նախաձեռնություններ եղել են իսլամադավան մի քանի երկրների խորհրդարաններում։ Վերջինը Եգիպտոսում էր։ Եվ երբ Թուրքիան սկսեց ագրեսիվ հայտարարություններ անել Եգիպտոսի իշխանությունների հասցեին, համապատասխան օրինագիծը խորհրդարան եկավ, սակայն չշարունակվեց։ Նույնիսկ Պաղեստինում, թեև չի ճանաչվել, սակայն Պաղեստինի ինքնավարության նախագահը իր հայտարարություններով դե ֆակտո ընդունել է Հայոց ցեղասպանությունը։ Դե ֆակտո, քանի որ երբ նա ամեն տարի այցելում էր հայ համայնքի ներկայացուցիչներին, իր խոսքում շատ առարկայական նկարագրում էր ցեղասպանությունից փրկվածներին։ Պաղեստինում նույնիսկ պետական նամականիշ կա՝ «Armenian Genocide» (Հայոց ցեղասպանություն) գրությամբ, ինչը ցույց է տալիս, որ ներքին լսարանի համար իրենք իրականում ճանաչում են, սակայն չեն ուզում փչացնել իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ։

Գրեթե նույնը կատարվում է Սիրիայի պարագայում։ Սիրիան այս հարցում ունի յուրահատկություն այն իմաստով, որ առաջին երկիրն էր, որն ընդունեց ու ապաստան տվեց ջարդերից փրկվածներին։ Սիրիան ընդունեց նրանց, օգնություն ցույց տվեց։ Նրանցից շատերը հետո գնացին Լիբանան կամ ցրվեցին ամբողջ աշխարհով մեկ, մի մասն էլ մնաց Սիրիայում։ Եվ հետաքրքիր է, որ ցեղասպանությունից փրկվածներին առաջինը ընդունած երկիրը այսքան ուշ է անում այդ քայլը։ Մյուս երկրները, որոնք Թուրքիայից շատ հեռու են կամ որևէ առնչություն չեն ունեցել Հայոց ցեղասպանությանը, ճանաչել են, իսկ սիրիացիները, Սիրիայի իշխանությունները, որոնք ականատես են եղել այդ ամենին, տեսել են, թե ինչպես են հայերին կոտորում սիրիական անապատներում, խուսափում էին դրանից։ Թեև նրանց առաջնորդները՝ Բաշար ալ-Ասադը, հայրը՝ Հաֆեզ ալ-Ասադը, գիտեին այդ ամենը և երկրի ներսում խոսում էին դրա մասին։ Բայց նույնիսկ 2011-ից հետո, երբ հարաբերությունները Թուրքիայի հետ լարվեցին, Ասադը փորձ չէր անում ամբողջովին ճանաչել։ Առհասարակ արաբական երկրները, որոնցից շատերը լարված հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ, խուսափում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց՝ կարծելով, թե դա Թուրքիայի համար այնպիսի մեծ վիրավորանք է, որ դրանից այն կողմ բան չկա։

Եվ այն փաստը, որ Սիրիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև ընդունեց այսօր՝ սիրիական կառավարական ուժերին ցանկացած տեղ հարվածելու Էրդողանի հայտարարությունից անմիջապես հետո, շատ խոսուն է, և ես սա պատահականություն չեմ համարում։ Այս որոշումը կապված էր Էրդողանի վերջին հայտարարության հետ։ Եթե Էրդողանը դա չասեր երեկ՝ գուցե ճանաչումը ուշանար։

– Բայց ամեն դեպքում կլինե՞ր։

– Լարվածության այս մակարդակում կլիներ։ Ինչպես գիտեք՝ Թուրքիան վերջին շրջանում, իհարկե, Ռուսաստանի միջնորդությամբ, գրեթե համակերպվել էր Ասադի իշխանության հետ և առաջվա պես Ասադի վարչակարգի տապալման խնդիր չէր դնում։ Եվ այս պայմաններում, երբ Թուրքիան լոյալ է, սպառնալիք չի ներկայացնում, բնականաբար, Դամասկոսը նման քայլի չէր գնա։ Բայց Էրդողանի վերջին հայտարարությունը ցույց տվեց, որ բոլոր «կարմիր գծերն» արդեն հատված են, և սրանից այն կողմ հարաբերությունների ավելի վատ մակարդակ չի լինում։ Էրդողանը գրեթե բաց տեքստով հայտարարեց պատերազմի մասին՝ նշելով, որ «եթե հարձակում լինի՝ մենք կհարվածենք Սիրիայի կառավարական ուժերին ցանկացած կետում»։ Սրանից այն կողմ այլևս վատթարացում չկա, և սիրիական կողմն այլևս մտածելու բան չունի։

– Այսինքն՝ Իդլիբի հարցի շուրջ այդպես էլ չի՞ հաջողվում քաղաքական համաձայնության հասնել։

– Այս պահին վիճակն անորոշ է երկու կողմերի համար։ Գաղտնիք չէ, որ միջնորդությունը սիրիական և թուրքական կողմերի միջև, խաղաղապահ առաքելությունը Իդլիբում տեղի էր ունենում Ռուսաստանի միջոցով։ Ընդամենը երկու օր առաջ ռուսական պատվիրակությունը Անկարայում էր։ Ըստ թուրքական աղբյուրների՝ ռուսները հեռացել են Անկարայից առանց որևէ պայմանավորվածության․ ասել են «իրենցը», մեղադրել են Թուրքիային և առանց թուրքական կողմի «արդարացումները» լսելու, չկարողանալով Թուրքիայից ստանալ ադեկվատ պատասխան՝ ուղղակի լքել են Թուրքիան։ Սա ցույց է տալիս, որ այս պահին դեռ անորոշություն է, անհայտ է՝ էսկալացիան դեպի վերև կգնա, թե ներքև։ Չավուշօղլուն ասել է, որ մոտ օրերին մեկնելու է Ռուսաստան՝ քննարկելու Իդլիբի հարցը։ Միայն դրանից հետո ինչ-որ հստակություն կլինի։ Էրդողանի հայտարարությունից կարելի է հասկանալ, որ Էրդողան-Պուտին հեռախոսազրույցն էլ արդյունք չի տվել։

– Իսկ Սիրիայի հյուսիսային մյուս շրջաններում, որտեղ թուրքական զինուժը ռազմական գործողություններ է իրականացրել, Թուրքիան պահպանո՞ւմ է իր ռազմական ներկայությունը:

– Ըստ պայմանավորվածությունների՝ որտեղ կային, այնտեղ մնում են։ Միայն մեկ բացառություն կա։ Սոչիի պայմանավորվածությունների համաձայն՝ թուրք-սիրիական սահմանի և քրդական YPG-ի՝ «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» հսկողության տակ գտնվող տարածքների միջև պիտի ստեղծվեր անվտանգության գոտի, և հսկողությունը, պարեկությունը այդ արանքում թուրքական և ռուսական ուժերը պիտի իրականացնեին համատեղ։ Արդեն երեք անգամ թուրքական կողմը չի մասնակցել պարեկությանը, և Ռուսաստանը միայնակ է իրականացրել պարեկությունը։ Այսինքն՝ ամեն ինչ, կարծես, նույնն է, բոլոր զորքերը նույն տեղում են, պարզապես Իդլիբի մասում թուրքական բանակը և Թուրքիայի կողմից աջակցություն ստացող խմբավորումները, որոնց մի մասը ակնհայտ ահաբեկչական են, հետ են քաշվել սիրիական զորքերի առաջխաղացման հետևանքով։

– Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը հիմնականում պայմանավորված էր Սիրիայում տիրող իրավիճակով և Սիրիա-Թուրքիա կոնֆլիկտով։

– Այո՛, պայմանավորված էր այս վերջին սրացմամբ։ Միանշանակ այդպես է։

– Այս նույն պատկերին վերջին մեկ տարվա մեջ ականատես ենք լինում արդեն երկրորդ անգամ։ Տեսանք, որ ամերիկյան Կոնգրեսի երկու պալատներում ևս Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերն ընդունվեցին ամերիկա-թուրքական հարաբերությունների կտրուկ լարվածության միջավայրում։ Եվ թե՛ Ներկայացուցիչների տան, թե՛ Սենատի բանաձևերից հետո շատերը կարծիք հայտնեցին, թե հայկական հարցը, մեր մեծ ողբերգության շահարկվում է։ Ձեր կարծիքով՝  կարևո՞ր է արդյոք այն հանգամանքը՝ Հայոց ցեղասպանության հարցը օգտագործվում է որպես քաղաքական լծակ Թուրքիայի դեմ, թե տվյալ երկրի խորհրդարանականները կամ կառավարությունը անում են այդ քայլը անկեղծ մղումով՝ արդարադատության հասնելու, մարդկության դեմ նոր հանցագործությունները կանխարգելելու կամ այլ մտադրությամբ։

– Ցավոք սրտի, այս դեպքում էլ է շահարկման առիթ հանդիսանում։ Ինչո՞ւ Սիրիան գնաց այդ քայլին հենց այսօր։ Թե՛ այս վերջին իրադարձություններից առաջ և թե՛ մինչև պատերազմի սկսելը երկար տարիներ կային, երբ Սիրիան կարող էր հանգիստ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ, ինչպես արդեն նշեցի, ամենաառաջինը ինքն է դա տեսել և ինքն է զգացել այդ մարդկանց դժբախտությունը, որոնց, իհարկե, օգնել է։ Մենք շնորհակալ ենք սիրիացի ժողովրդից իրենց դռները բացելու, հայերին ընդունելու, օգնելու համար։ Սակայն եթե պատասխանենք հարցին՝ ինչո՞ւ հիմա, ապա ակնհայտ է, որ դա պայմանավորված էր Թուրքիայի հետ լարվածությամբ։ Այո՛, Սիրիան արեց քայլը իր շահերի համար։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դեմ գնանք, ասենք՝ գիտեք, Սիրիան Թուրքիայի հետ վատացավ, նոր ընդունեց, մենք չենք ընդունում Սիրիայի քայլը։ Բնականաբար, դա ճիշտ մոտեցում չէ։ Բայց ակնհայտ է, որ ցավոք սրտի, Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների մի փոքր մասը դա արել է Թուրքիայի հետ ինչ-ինչ խնդիրների պատճառով։ Սակայն կան երկրներ, որոնք ընդունել են՝ հարցին նայելով զուտ բարոյական տեսանկյունից։

– Զրույցի սկզբում շեշտեցի, որ Սիրիան Թուրքիայի այն քիչ հարևաններից է, որոնք պաշտոնապես ճանաչել են Մեծ Եղեռնը։ Իրանը, Վրաստանը, մյուս երկրները, որոնք շատ լավ հարաբերություններ ունեն Հայաստանի հետ, այդուհանդերձ, խուսափում են ցեղասպանությունը ճանաչելուց։ Այս հանգամանքն ինչ-որ նշանակություն ունի՞ կամ կարո՞ղ է նպաստել Թուրքիայի վրա ճնշում գործադրելուն։

– Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած հարևանների շարքում կարող ենք դասել նաև Ռուսաստանը, որը Թուրքիայի ծովային հարևանն է։ Այդպիսով, Սիրիան կլինի 3-րդ երկիրը։

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին՝ Սիրիան այս պահին այն երկիրը չէ, այն վիճակում չէ, որ իր ճանաչումը ազդեցություն ունենա միջազգային գործընթացի վրա։ Սիրիան այսօր չափազանց բզկտված ու թույլ է։ Եթե լիներ նախկին, մինչպատերազմյան Սիրիան՝ գուցե բերեր ինչ-որ շղթայական ռեակցիայի, նաև համապատասխան աշխատանքի։ Մենք գիտենք, որ հայկական համայնքները, Հայ Դատ հանձնախումբը միշտ ակտիվ են եղել արաբական երկրներում, ամեն դեպքում նրանք աշխատում էին, որպեսզի դա դառնա կարևոր գործոն։ Առանց աշխատանքի, առանց այդ պահը հասունացնելու տեղի չէր ունենա այն, ինչ տեղի ունեցավ։ Եվ դա կարող էր շարունակվել․ գուցե ևս մեկ-երկու արաբական երկիր ճանաչեր Հայոց ցեղասպանությունը։ Նկատի ունեմ հատկապես Սիրիայի հետ անմիջականորեն կապ ունեցող երկրները, օրինակ՝ Պաղեստինը, որի մասին արդեն խոսեցինք։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում