1986 թվականի ապրիլի 26-ին Ուկրաինայի Չեռնոբիլի ատոմակայանում հզոր աղետի վերացման աշխատանքներին մասնակցած հայերը աղետից 28 տարի անց հարգանքի տուրք մատուցեցին իրենց զոհված հայրենակիցներին:
Այսօր լրանում է Չեռնոբիլի ատոմակայանի վթարի 28-րդ տարելիցը: ՄԱԿ-ը ապրիլի 26-ը հռչակել էր որպես ռադիացիոն վթարների և աղետների զոհերի հիշատակման օր:
Ի հիշատակ հայ զոհերի և վիրավորների՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցում կատարվեց հիշատակման արարողություն, որից հետո արարողության մասնակիցները մոտեցան եկեղեցու բակում տեղադրված՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ի և միջուկային այլ աղետների հետևանքով տուժածների և զոհերի հիշատակին նվիրված հուշաքարին: Ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելուց հետո տեղի ունեցավ միջոցառում նվիրված Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի 28-ամյա տարելիցին:
Միջոցառումներին հրավիրված էին նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցներ, Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վերացման մասնակիցներ: Միջոցառման հայ մասնակիցները և Չեռնոբիլի աղետի տուժածները փորձեցին իրենց խնդիրներով կիսվել դեսպանատան աշխատակիցների հետ:
Հիշեցնենք, որ Չեռնոբիլի ատոմակայանի աղետի հետևանքները վերացնելու աշխատանքներին մասնակցել է մոտ 3000 հայ:
Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:









































