Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնից հրաժարական տված նորընծա ընդդիմադիր՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ չի կարող պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը:
«Եթե ես Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջեմ, դա իմ կողմից կլինի ոչ բարոյական քայլ»,-լրագրողների հետ հանդիպմանը ասաց այլևս ընդդիմադիր Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ իրենք Սերժ Սարգսյանի հետ 6 տարի եղել են ընկերներ և հիմա էլ ընկերներ են մնում:
Հիշեցնենք, որ մինչ այդ Արթուր Բաղդասարյանը կոշտ ընդդիմություն էր և անխնա քննադատության էր ենթարկում իշխանությանը:
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ նշանակում է ընդդիմադիր ՕԵԿ-ը չի՞ քննադատելու Սերժ Սարգսյանին, Բաղդասարյանը հայտարարեց, որ, իհարկե, կքննադատեն, եթե քննադատելու պատճառ տեսնեն, իսկ դրական նախաձեռնությունները պատրաստ են պաշտպանել;
Կրկին ընդդիմություն վերադարձած ՕԵԿ նախագահը ասաց, որ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու, վարչապետի հրաժարականի, նոր վարչապետի և կառավարության առթիվ կոալիցիոն որևէ քննարկում չի եղել, վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին Սերժ Սարգսյանն իրեն տեղեկացրել է մեկ օր առաջ. «Պատճառների մասին չի խոսվել, չի քննարկվել՝ ինչու հանվեց, ինչու նշանակվեց»:
ՕԵԿ նախագահը դժգոհեց, որ վեց տարի կոալիցիայի մեջ լինելով՝ ՕԵԿ-ին չի հաջողվել ազդեցություն ունենալ քաղաքական որոշումների կայացման վրա, որոշիչ դեր ունենալ քաղաքական կոալիցիայում, իրենց հեղինակած մի շարք օրինագծեր չեն ընդունվել, ուստի ՕԵԿ-ը, ելնելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից, «հանուն ժողովրդի» դուրս է գալիս կոալիցիայից:
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ փաստորեն վեց տարի՞ էր պետք՝ հասկանալու համար, որ ՕԵԿ-ը ազդեցություն չունի քաղաքական որոշումների վրա, և որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը վատանում է, Արթուր Բաղդասարյանն ասաց, թե վեց տարի իրենք որոշակի աշխատանք կատարել են, փորձել են՝ հույս ունենալով, որ ավելիի հնարավորությունը կտրվի իրենց, սակայն դա տեղի չի ունեցել:
Միևնույն ժամանակ Արթուր Բաղդասարյանը չհամաձայնեց լրագրողների այն դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն իրենց փաստացի «խաբել» է՝ խախտելով կոալիցիոն քաղաքական պայմանավորվածությունը:









































