«Առաջին լրատվական»-ի RealPolitik հաղորդաշարի հյուրն է «Ազդակ» օրաթերթի ֆոտոլրագրող Գաբրիել Փանոսյանին:
-Դուք երկար տարիներ աշխատել եք ֆոտոլրագրության ոլորտում և հավանաբար բազում տարիներ հասցրել եք արձանագրել Ցեղասպանության ոգեկոչման փաստագրական նյութեր, որոնք հավանաբար արվել են ապրիլի 24-ին կամ դրան նախորդող ժամանակաշրջանում: Եվ հիմա 99-րդ տարելիցն է, մտնում ենք հարյուրերորդ տարելից, գտնվում ենք մի կարևոր ժամանակահատվածում և պետք է հաղթահարենք մի կարևոր փուլ պահանջատիրության իմաստով: Արված աշխատանքը մինչև այսօր Ձեր՝ այլ ազգերի ներկայացուցիչների կողմից, ովքեր հասցրել են հավաքել, փաստագրել եղած նյութը համաշխարհային գետնի վրա, ինչպե՞ս եք գնահատում և ի՞նչ կա դեռ անելու այս իմաստով:
-Նախ՝ ես տասը տարի է, ինչ աշխատում եմ այս գործի մեջ: Ամբողջ կյանքիս ընթացքում ապրիլի 24-ի գործողություններին մասնակից եմ եղել Սփյուռքի մեջ կամ Հայաստանի մեջ: Ուրեմն իմ հիշողությունները սկսվում են ապրիլի 24-ի ազգապահպանության համար 1953 թվականից, երբ մենք երեխաներ էինք, և մեզ համար ապրիլի 24-ը սուրբ սուգի օր էր: Որպես սգի օր գիտեինք և մենք՝ երեխաներս, հավաքվում էինք և իրար հետ խոսում էինք, որ պետք չէ սուտ խոսել այդ օրը, չարություն անել, այդ օրը մեզ համար սրբություն էր, բայց չէինք իմանում, թե որն էր իմաստը: Եվ երբ մեծացանք, հասկացանք, որ սա ամենադաժան օրն է. ոչ թե սրբության օր է, այլ ամենադաժան օրն է մարդկության համար: Ես, մուսալեռցի լինելով, ես այն ժողովրդից եմ, որ ըմբոստացած ժողովուրդ է, կռված է և ինքն իրեն է պաշտպանում: Այդ իսկ պատճառով ես ինքս ինձ հպարտ եմ զգում և ցավ եմ զգում բոլորի համար, ովքեր չեն ըմբոստացել, դիմել են գաղթի, որովհետև եթե ըմբոստացած լինեին բոլորը, մենք այդ օրվան չէինք հասնի: Երեկ գիշեր մեկ ֆիլմ էինք դիտում. 500, 600 երեխա, ծեր, կին՝ 1-2 զինվորով քշում տանում են…
-Բայց դրանք ընդամենը ֆիլմեր են:
-Ճիշտ է, բայց իրականություն են, խորքը իրականություն է: Այսինքն, ժողովրդի մեջ այդ կամքը չի եղել, վճռականությունը չի եղել:
-Հավանաբար հավատը չի եղել, որ Թուրքիայի իշխանությունները սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ կարող էին այդքան անմարդկային գտնվել:
-Ժողովրդի միամտությունն էր:
-Ինչպես եք գնահատում կատարված աշխատանքը, փաստագրական աշխատանքը:
– Այս տարիների ընթացքում իսկապես որևէ տարի իմ հիշողությունից չի փախել, որ ես բացակայած լինեմ ապրիլի 24-ի աշխատանքներից և իսկապես տեսնում եմ, որ ամեն տարի սա ծովի ալիքների պես շատանում է, շատանում է, շատանում է: Հիմա այս պահին ես այնտեղից եմ գալիս: Ծիծեռնակաբերդում երեկ և այսօր ժողովրդի այդ կամքը, վճռականությունը չի կարելի կասեցնել:
Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք հաղորդման տեսագրությունում:









































