Նախագահ Արմեն Սարգսյանը հայտնվել է քննադատությունների հերթական թիրախում, այն բանից հետո, երբ ստորագրել է Սահմանադրական դատարանի անդամներին վաղ կենսաթոշակի հնարավորություն տվող օրենսդրական փաթեթը։
Նախագահի աշխատակազմը նույնիսկ հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ՝ նախագահն օրենքը ստորագրել է առաջնորդվելով համապետական շահերով։ «Նախագահը, առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով և կարևորելով Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովումը, ստորագրել է օրենքը՝ գտնելով, որ օրենքի գործողության ընթացքում Սահմանադրական դատարանի անդամները, ինչպես իր եզրակացության մեջ նշել է Վենետիկի հանձնաժողովը՝ «առանց որևէ անհարկի ճնշման (քաղաքական կամ անձնական)», բացառելով կամավորության սկզբունքից որևէ շեղում, կարտահայտեն դրա վերաբերյալ իրենց վերաբերմունքը՝ ընդունելով կամ չընդունելով օրենքով սահմանված կենսաթոշակի անցնելու հնարավորությունը: Նախագահը, կարևորելով օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների և պետական ինստիտուտների արդյունավետ և համագործակցության ոգով գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունը՝ ողջունում է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ձևավորելու մտադրությունը, որի աշխատանքներին կներգրավվի նախագահի աշխատակազմը»,- ասված է հայտարարության մեջ:
Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանի կարծիքով՝ եթե նախագահը ստորագրելու հիմքեր չտեսներ՝ չէր ստորագրի։ «Նա կօգտվեր Սահմանադրությամբ նախատեսված այլ քայլերից։ Որպես երկրի նախագահ, ճիշտ է գտել ստորագրելը, ստորագրել է։ Դա իր իրավունքն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Խաչատրյանի՝ նախկին համակարգի քննադատական ջանքերը որևէ արդյունք չեն տալու. «Նրանց ցանկությունը երկրում իրավիճակն ապակայունացնելն է, երևի դա իրենց հաշվարկի մեջ է մտնում։ Բայց ըստ իս՝ սխալ հաշվարկներ են անում։ Արմեն Սարգսյանին թիրախավորելով՝ միտում ունեն ընդհանուր իշխանությունը թուլացնել, բայց չեմ կարծում, թե հաջողություն գրանցեն»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանի դիտարկմամբ՝ նախագահ Արմեն Սարգսյանը ճիշտ որոշում է կայացրել։ «Եվ այս որոշումը բացարձակ կամայական չէ և չեմ կարծում, թե ուղղված է վարչապետին աջակցություն ցույց տալուն։ Հաշվի առնելով նախագահի գրասենյակի տարածած տեղեկությունը, պետք է նշել, որ այսպիսի նախադեպեր եղել են՝ Վրաստանը ևս կիրառել է օրենսդրությունը։ Այլ հարց է, որ արդյունավետությանը կարելի է կասկածել։ Բայց եթե նախագահը դա չկատարեր՝ նախագահը կդիտարկվեր որպես նախկին համակարգի պաշտպան»- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Դիլբարյանի՝ սին հույսեր ունեն այն ուժերը, որոնք կարծում են, թե նախագահը վարչապետի հակառակորդն է. «Ես համոզված եմ, որ նախագահը իրեն չի դիտարկում ինչ-որ ուժերի ժառանգորդ՝ անկախ այն հանգամանքից, թե ով է իրեն նշանակել։ Նա իրեն դիտարկում է որպես պետական բարձրաստիճան պաշտոնյա, որը թեպետ ունի համեստ լիազորություններ, բայց մեծ պատասխանատվություն և առաքելություն հին համակարգը կործանելու գործում»։
Մեր զրուցակցի կարծիքով՝ հին ուժերի թիրախավորումն ու անթաքույց դժգոհությունը բխում է այն հանգամանքից, որ նախագահի ինստիտուտն ապացուցեց, որ ինքը հին համակարգի պաշտպանը չէ, այլ Հայաստանի Հանրապետության՝ իբրև նորացման ձգտող պետության միտումների երաշխավորը։ Վերստին նշեմ՝ անկախ այն հանգամանքից, թե այս օրենքը կունենա սպասելի արդյունքներ, թե ոչ։ Վրաստանի փորձը ցույց տվեց, որ այս օրենքի ՕԳԳ-ն այնքան էլ բարձր չէ, բայց, համենայնդեպս, այն քայլերը, որոնք տանում են դեպի կազմաքանդումը հին համակարգի՝ գոնե օրենքներով և ոչ հախուռն գործողություններով, միանշանակ ճշմարիտ են»։










































